Ով այս ամենի մեղավորն է, գոնե պիտի գնա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողների կողմից Երեւանի փակած փողոցներից մեկում ասաց ցուցարարներից մեկը մի քաղաքացու։

Քաղաքացին էլ ասաց, որ ինքն այս պատերազմի մասնակիցներից մեկն է, ինչին ցուցարարն արձագանքեց. «Ես քո հետ ոչ մի խնդիր էլ չունեմ։ Դու կռվում էիր, իսկ ինքը գիշերը մի գրչի հարվածով ամեն ինչը տվել է, իր հետ եմ։

Քաղաքացին էլ նշեց, թե այդ գործնթացը 30 տարվա հետեւանք է։

«Չի  կարողանում թող գնա։ Եթե 800 հազար հոգին ընտրել է Նիկոլին, որ նախկիններից պրծնի ու 2,5 տարի չի կարողանում պրծնի նախկիններից, էլ ինքն ո՞ւմ է պետք։ Ինչ վատ բան լինում է, գցում է նախկինների վրա, բայց հենց լավ բան է լինում, ասում է՝ ես եմ արել։ Քաղաքապետարանի կողքի այգին սարքած պրծած էր, Տարոն Մարգարյանն այգին սարքեց, եկավ ինք լենտը կտրեց ու ասեց՝ ես եմ սարքել»,- արձագանքեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նշենք, որ այս պահին վարչապետի հրաժարականի պահանջով՝ ՀՅԴ-ականները բողոքի ակցիա են անում Երեւանի տարբեր հատվածներում։ Քաղաքացիները չեն մոռանում ճանապարհ տալ շտապօգնության ավտոմեքենաներին:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հետ ստորագրել է եռակողմ հայտարարություն, ըստ որի՝  Արցախի մի մասը, ինչպես նաեւ հարակից շրջանները հանձնվում են Ադրբեջանին։ Մասնավորապես, Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին, Հադրութը, ինչպես նաեւ գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաեւ Մարտակերտի շրջանի Թալիշ եւ Մատաղիս գյուղերը։