Ռուսաստանը գրանցում է Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության իրականացման շուրջ իրավիճակի հանդեպ լռություն, իսկ երբեմն էլ աղավաղում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք գրանցում ենք լռություն, ինչ-որ տեղ նաեւ այն ամենի տեղակատվական աղավաղման փորձեր, ինչ որ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եռակողմ հայտարարության իրականացման շուրջ»,- ասել է նա։
Նա նաեւ նշել է, որ զարմանք է հարուցում արեւմտյան երկրների զուսպ արձագանքը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության ընդունմանը։
«Մենք նվազագույնը զուսպ արձագանք ենք տեսնում այս հայտարարության վերաբերյալ, որը հանգեցրել է դրա մեջ նշված դրույթների կոնկրետ իրականացմանը: Զուսպը ամենակիրառելի բառն է շատ հայտարարությունների համար, որոնք այժմ լսել ենք մեր արեւմտյան գործընկերներից: Ինչի՞ց է։ Ընդամենը մեկ կամ 1,5 ամիս առաջ բոլորն այնքան էին ցանկանում եւ սպասում հրադադարին։ Հրադադարը տեղի է ունեցել, այն ամրագրվել է եւ պահպանվում է։ Մենք չենք տեսնում այն նույն լիաձեւաչափ արձագանքը, որին Արեւմուտքն ընդունակ է, եւ մենք գիտենք, որ երբ նրանք արձագանքում են լայն ճակատով, այդ մասին հայտնի է դառնում եւ լսելի ամեն տեղ»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է նա։
Զախարովան նշել է, որ հայտարարության ընդունումը չի առաջացրել «իրարանցում եւ այդ հայտարարությունը ողջունելու ու մեկնաբանելու ցանկություն, կողմերին ոգեւորելու այն իրականացնել, նշելու Ռուսաստանի՝ որպես միջնորդի դերը»։ «Արեւմտյան երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների պաշտոնատար անձանց բազմաթիվ հայտարարություններում ընդհանրապես չի հիշատակվում Ռուսաստանի դերը, ասես խոսքը երկկողմ հայտարարության մասին է: Նույնիսկ չի նշվում, որ հայտարարությունը եռակողմ է: Զարմանալի է, բայց, սա նույնպես փաստ է: Իբր միջազգային գործերում ընդհանրապես որեւէ կերպ չպետք է ներկայացվի մեր երկրի դրական եւ կառուցողական դերը»,- ընդգծել է դիվանագետը:




























