Ռազմական դրության երկարաձգումը բացարձակ օրինաչափ չէ, որովհետև ռազմական դրությունը պատերազմի համար էր։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին վարչապետի հրաժարականը պահանջող բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նրա խոսքով՝  ռազմական դրությունը քաղաաքացիների՝ Սահմանադրությամբ ամրապնդված իրավունքները սահմանափակելու համար է։ Ռազմական դրությունը երկարաձգվում է միայն, որպեսզի այս ակցիաները անթույլատրելի համարվեն։ 

«Մենք նկատեցինք, որ ոստիկանները բերման էին ենթարկում մարդկանց, որոնք անգամ փողոցի վրա չէին։ Ոստիկանության այս գործողությունները հանցագործություն և անբարոյականություն են։ Ոստիկանության այս գործողությունները նորից Շուշին ծախել, նորից Վազգեն Սարգսյանի արձանը պղծել է նշանակում»,– ասաց նա։

Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ ոստիկանությունը իրավունք չունի ցուցարարներին արգելել անցկացնել ազատ ակցիաներ՝ այդ թվում նաև փողոցները փակելու ձևով։ Առավելագույնը, որ կարող է անել ոստիկանությունը, պայմանավորվել որոշակի ժամանակահատվածի մասին։

«Սա խաղաղ անհնազանդության գործողություն է Շուշին հանձնողների դեմ։ Սա արժանապատվության ճգնաժամ է մեր երկրում, սա քաղաքական ճգնաժամ չէ։ Մարդիկ պետք է տեսնեն, որ մենք մեր արժանապատվությունը չենք կորցրել և մենք պայքարում ենք այն մարդկանց դեմ, որոնք ոչ միայն հանձնեցին մեր հայրենիքը, այլև կպած իրենց աթոռներին ցանկանում են պաշտոնավարել՝ մի դավաճանին հանելով, մյուս դավաճանին նշանակելով», -ավելացրեց Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք, որ արդեն երկրորդ օրն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները Երևանի տարբեր վարչական շրջաններում փակում են փողոցները, ինչի ընթացքում տասնյակ ցուցարարներ բերման են ենթարկվել։ Այսօր նմանատիպ ակցիաներ տեղի են ունեցել նաև Գյումրիում։