Այս իշխանությանը բերել են դրսի ուժերը, այդ թվում՝ Ադրբեջանը և Թուրքիան, որպեսզի նա կատարի գործարք՝ Արցախ՝ իշխանության փոխարեն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին ասաց քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հոգեհանգստին։
«Բոլորս սգում ենք, որովհետև մեզանից հեռացավ արցախյան ազատամարտիկ, Արցախյան պատերազմի խորհրդանիշ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը։ Փաստ է, որ Մանվելը Փաշինյանի ռեժիմի առաջին հալածվածներից և զոհերից մեկն է։ Փաշինյանը և իր հետ իշխանություն կազմող այդ ողջ ոհմակը շատ բարոյական հարվածներ փորձեց հասցնել Մանվել Գրիգորյանին, բայց չստացվեց»,- ասաց Դավիթ Շահնազարյանը։
Շահնազարյանը նշեց, որ ի տարբերություն «Փաշինյանի և իր ողջ դավաճան թիմի», Մանվելը պատմության մեջ մտնելու է որպես ազգային հերոս, որը նույնիսկ առողջական այս ծանր վիճակում մասնակցեց այս պատերազմին։
«Ես առաջիններից էի, որ պաշտպանել եմ նրան և խստորեն դատապարտել այն ողորմելի հալածանքները, որոնք իրականացում էր Հայաստանում առայժմ իշխող իշխանությունը։ Նոյեմբերի 8-ի երեկոյան Մարտակերտում ես հանդիպեցի Մանվելի տղային՝ Կարենին, որն իր ջոկատի հետ այնտեղ էր և նույն երեկոյան էլ հեռախոսազրույց ունեցա Մանվելի հետ։ Վիճակը շատ ծայրահեղ էր։ Մանվել Գրիգորյանը առաջին օրվանից էլ կիսել է իմ և գործընկերներիս տեսակետը, որ այս իշխանությանը բերել են դրսի ուժերը՝ այդ թվում նաև Ադրբեջանը և Թուրքիան, որպեսզի նա կատարի գործարք՝ Արցախ իշխանության փոխարեն։ Այս իշխանությունը իր սև գործը դեռ չի ավարտել։ Հիմա ավելի քան երբևէ պետք է ժողովրդի միասնականությունը ոչ միայն սրանց հեռացնելու համար, այլև այս իշխանության վարած քաղաքականության պատճառով եղած ծանր մարտահրավերը հաղթահարելու համար», -ավելացրեց Դավիթ Շահնազարյանը։











