Ոչ միայն երկրի ներսում, այլեւ արտերկրում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կասկածի ենթարկելու փորձերն անընդունելի են: Այս մասին նոյեմբերի 21-ին Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Մեր պատվիրակության կազմում ընդգրկված են երկու փոխվարչապետներ՝ Նովակը եւ Օվերչուկը, առողջապահության նախարարը, «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավարը, «Ռուսական երկաթուղիներ»-ի ղեկավարը, ֆինանսների նախարարության ներկայացուցիչը: Այս պատվիրակությանը զուգահեռ՝ կայացել են պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի եւ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչեւի հանդիպումները Հայաստանի ղեկավարության հետ: Այստեղ ներկայացված բոլոր գերատեսչությունների ոլորտներում ջանքերի ներդրմամբ մենք իրոք անցկացրել ենք համապարփակ բանակցություններ»,- իր խոսքի սկզբում ասաց Լավրովը:
ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ հիմնական ուշադրությունը դարձրել են այն խնդիրների հստակ եւ լիարժեք ապահովմանը, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական գործողությունների դադարեցման, խաղաղապահ գործողությունների իրականացման եւ խաղաղ բնակչությանն աջակցող մարդասիրական գործողությունների իրականացման մասին նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության հետ:
«Բոլորի կողմից ընդունվեց, որ այս հայտարարությունը մի քանի շաբաթ առաջ շատ ու շատ սրված իրավիճակի կարգավորման այլընտրանք չունեցող միջոց է: Միաձայն ընդգծվեց, որ այս հայտարարությունը ոչ միայն երկրի ներսում, այլ նաեւ արտերկրում կասկածի ենթարկելու փորձերը անընդունելի են: Մենք վերահաստատեցինք մեր վճռականությունը՝ ամեն ինչ անելու, որպեսզի այս հայտարարությունն աշխատի:
Հայաստանի ղեկավարները, մենք հանդիպեցինք նաեւ ՀՀ Նախագահի հետ, եւ՛ նա, եւ՛ վարչապետը ընդգծեցին, որ այս հայտարարությունն օգնեց լուծել լուրջ խնդիրներ, օգնեց փրկել կյանքեր, եւ իրենք լիովին հետեւողական են, որ ապագայում եւս այս պայմանավորվածությունը կատարվի:
(ՀՀ իշխանությունները - խմբ.) բարձր գնահատեցին ռուս խաղաղապահների աշխատանքը եւ բարձր գնահատեցին մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու մասին Ռուսաստանի նախագահի հրամանագիրը, որն արդեն սկսում է գործել»,- ասաց ՌԴ նախարարը:











