Երեւանի կենտրոնում` Ազատության հրապարակում, ժամը 19:20-ին մեկնարկել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի` հերթական համահանրապետական հանրահավաքը, որն արտոնվել է Երեւանի քաղաքապետարանի կողմից:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, հանրահավաքի մասնակիցների տրամադրությունը չափազանց բարձր է, ինչին նպաստում է հնչող երաժշտությունը:

Ընդդիմության կողմնակիցները նշում են, որ այսօր տոնում են մեծ հաղթանակը: Որպես հաղթանակ նրանք նկատի ունեն օրերս հայտարարած համաներումը, որի շնորհիվ ազատության մեջ հայտնվեցին մի շարք քաղբանտարկյալներ, այդ թվում` խորհրդարանի նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը եւ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

Հարթակում են գտնվում ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ՀԱԿ-ին անդամակցող այլ ուժերի ներկայացուցիչները:

Հանրահավաքը վարում է օրերս ազատության մեջ հայտնված Նիկոլ Փաշինյանը: Դա հարուցել է հավաքվածների ոգեւորությունը, քանի որ նրանք վերջին անգամ Փաշինյանի վարած հանրահավաքին ներկա են եղել 2008թ. մարտի 1-ին, երբ Երեւանի կենտրոնում ողբերգական իրադարձություններ էին ընթանում: Փաշինյանն իր ելույթում ընդծել է, թե «քաղբանտարկյալների ազատ արձակումը ժողովրդի հետեւողական պայքարի արդյունքն է»:

Նշենք, որ հանրահավաքի վերջում ՀԱԿ-ը երթ է անելու Երեւանի փողոցներով: