Որեւէ խոսակցություն, կամ երկխոսություն հնարավոր չէր այս իշխանությունների հետ, անգամ արտահերթ ընտրությունների շուրջ, քանի դեռ քաղբանտարկյալները պատանդ էին իշխանությունների ձեռքում: Այսօր` մայիսի 31-ին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:

«Իշխանությունները ուզում էին, որ հրաժարվեինք իշխանափոխությունից: Սա էր, որի հետ մենք չհամաձայնեցինք, քանի որ առեւտրի առարկա չենք դարձնի ազատության իրավունքը:

Ռեժիմի քաղաքական պայքարի պաշարները սպառված են: Մեր թիմը միասնական է: Մենք պատրաստ ենք իրագործել մեր ամենակարեւոր ծրագիրը` սահմանադրական կարգի վերականգնման եւ արտահերթ ընտրությունների ծրագիրը»,- հայտարարել է ՀԱԿ-ի համակարգողը:

Նրա ներկայացմամբ, ներկա պահին ներքին ճգնաժամը երկխոսության միջոցով լուծելու շանսն առարկայական է:

«Արդյոք մենք կարո՞ղ ենք համարել մեր բոլոր պահանջները իրագործված, եւ սկսել երկխոսություն արտահերթ ընտրություններով իշխանափոխություն սկսելու շուրջ:

Նուրբ հարց կա:

Մուրադ Բոջոլյանն ու Հացպանյանը կազատվեն հունիսի 9-ին եւ 13-ին: Նրանցից մենք նամակներ ենք ստացել, որով խնդրում են իրենց մի քանի օրվա անազատության հանգամանքը խոչընդոտ չհամարել երկխոսության ծավալման համար: Մենք քննարկել եւ հարգելու ենք նրանց պահանջը:

Ձեր բոլորի անունից հայտարարում ենք, որ շարունակելու ենք տեր կանգնել նրանց ոտնահարված իրավունքներին, իսկ Հացպանյանի պարագայում պնդելու ենք կացության իրավունք տրամադրելու հարցը»,- նշել է Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքով, թավշյա հեղափոխության ՀԱԿ-ի մարտավարությունը արդյունավետ է եւ ի վիճակի է բերել մեզ վերջնական հաղթանակի: «Մենք շարունակելու ենք հանրահավաքները, եւ մեր միակ զենքը հանրահավաքների բազմամարդությունն է` արտահերթ ընտրությունների գործընթացի համար»,- ընդգծել է նա: