ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարարին դեռ մի 2 ամիս պետք է, որ ծանոթանա՝ Հայաստանում ինչ է կատարվում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, ՊՆ շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնելիս ասաց անհետ կորած զինծառայողի հարազատը։
«Երբ Տոնոյանն էր նախարարը, 2 անգամ հանդիպեցինք, ներկայացրինք մեր պահանջները, բայց ոչ մի սպայի չկանչեց, ոչ մի մեղադրանք չներկայացրեց։ Եթե ինքն այսօր պաշտոնազուրկ է, դա չի նշանակում, որ ինքը պատասխանատվությունից ազատվում է։ Ինքն իր սեւ գործն արեց, ռադը քաշեց ու գնաց, թոող գա ու պատասխանի բոլոր ծնողներին։ Նա մեզ հետ հանդիպման ժամանակ ասել էր՝ 1-2 շաբաթվա ընթացքում այս հարցը կլուծվի, բայց 1,5 ամիս է՝ այս հարցը չի լուծվում»,- ասաց նա։
Անհետ կորած զինծառայողի հարազատը նշեց, որ այստեղ ակցիա իրականացնում են հիմնականում Ջեբրայիլում, Հադրութում ծառայած զինվորների ծնողներ. «Առաջին հարվածները եղել են Ջեբրայիլի, Հադրութի, Թալիշի, Ֆիզուլիի, Մատաղիսի վրա։ 2500 կորած երեխա ունենք, որոնցից ոչ մի լուր չունենք։ Երբ պատերազմը վերջացել էր, Շուշիում բեկորային վիրավորում ստացածներին անգամ այնքան են այնտեղ թողել, բոլոր երեխաները գլխից խփված են»։
Անդրադառնալով պատերազմի օրերին ՊՆ-ի կողմից հրապարակվող տեղեկատվության իսկությանը՝ ակցիայի մասնակիցն ասաց. «Որ ամեն օր Արծրունը հայտարարում էր՝ մենք հաղթելու ենք, տանկեր ենք գրավում, զորքեր ենք ջախջախում. ո՞ւր է իրենց արածը։ Արծրուն պետք է մեղադրանք առաջադրեն. ամբողջ աշխարհին խաբել ես։ Ո՞նց կարելա 1,5 ամիս մի ամբողջ ազգի խաբել»։











