ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է հատուկ ուշադրություն հատկացնեն Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության օբյեկտներին եւ խթանեն այդ ուղղությամբ առաջընթացը: Այս մասին Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Տվյալ փուլում ՄԽ համանախագահները պետք է  հատուկ ուշադրություն հատկացնեն ղարաբաղյան խնդրին, այդ թվում մշակութային, կրոնական օբյեկտների եւ ընդհանրապես Ղարաբաղում մշակութային ժառանգության պահպանմանը: Այդ նպատակով ծրագրվում է հատկացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ ռեսուրսները, ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւս պատրաստում է իր գնահատման առաքելությունը»,-հայտարարել է Լավրովը:

Նրա կարծիքով՝ ՄԽ համանախագահ երկրները կարող են առավել ակտիվ խթանել այդ ուղղությամբ միջազգային կազմակերպությունների աշխատանքը: