Այսօր Հայաստանում կա մի պաշտոնատար անձ, որը կարող է իրավական ճանապարհով վերջ դնել այս դավաճանությանը եւ ազգադավ տականքի իշխանավարությանը, դա ՀՀ գլխավոր դատախազն է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիա իրականացնելիս լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Հենց հիմա նա կարող է հարուցել քրեական գործ՝ արդարադատությանը միջամտելու հոդվածով եւ որոշում կայացնել Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու։ Ես համոզված եմ, որ Նիկոլի թիկնապահները նրան ծեծելով կտանեն որտեղ պետք է։ Ցավոք, ունենք դատախազ, որը բախտի բերմամբ այս կաբինետն է զբաղեցրել, բռնաբարում է օրենքը եւ պատրաստ է ցանկացած տականքի ծառայել, միայն թե իր պաշտոնը պահպանի։ Այս հիմնարկում կան նաեւ ազգանվեր դատախազներ, որ հենց հիմա էլ թքաց ունեն իր հրամանների վրա եւ չեն կատարում։ Կան վարչություններ, որոնք հրաժարվել են այս գործերո զբաղվել։ Ինքն էլ իր նման ստորների խումբ է ստեղծել»,- նշեց նա։

Աթանեսյանի խոսքով՝ Փաշինյանի կալանավորելու իրավական բոլոր հիմքերն առկա են. «Վերջերս նա դատավորներին հրավիրել էր իր մոտ, փորձել հարցնել՝ ինչու չեն կալանավորվել, վերջ, հանցակազմն առկա է։ Կալանավորման համար հիմքերն առկա են։ Եթե Արթուր Դավթյանը եթե հայր ու մայր ունի այս հողի վրա, եթե պապական գերեզման ունի հողում թաղած, թող ապացուցի, որ հայ է»։

Նշենք, որ այսօր՝ ժամը 12-ին, լրացավ ընդդիմության ու քաղաքացիների՝ Փաշինյանին հրաժարական տալու համար տրված ժամանակը։

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ լինելու են անհնազանդության ակցիաներ Հանրապետության ամբողջ տարածքում։

Այսօր  Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա կաթողիկոսը եւ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը նույնպես կոչ են արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վայր դնել վարչապետի լիազորությունները։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին եւ Հադրութը, ինչպես նաեւ գյուղեր՝ Ասկերանի, Մարտունու եւ Մարտակերտի շրջաններից: