«Իմ քայլը» դաշինքի խմբակցությունից դուրս գալու իմ որոշման պատճառն այն է, որ ես ստեղծված իրավիճակից դուրս գալու առաջարկներ էի ներկայացրել, որոնցով տարաձայնություններ են առաջացել: Այս մասին դեկտեմբերի 8-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Գոռ Գեւորգյանը:
Նա նշեց, թե պատմությունը վկայում է այն մասին, որ պարտություն կրած իշխանությունը հրաժարական է տալիս՝ հավելելով, որ դրա հետ մեկտեղ ցանկացած քաղաքական գործընթաց ընթանում է Սահմանադրության շրջանակում: «Բոլոր քաղաքական ուժերը եւ անհատները, որոնք հանդես են գալիս ազգայնամետ դիրքերից, պետք է ելնեն սրանից: Ինձ համար պետական շահերն անձնականից ավելի կարեւոր են: Վստահ եմ, որ ազգային համերաշխության եւ միասնության միջոցով կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները»,- նշեց Գեւորգյանը:
Պատգամավորը նախկին համախոհներին կոչ արեց իր գործունեության վերաբերյալ քննադատական գնահատականներում զգույշ լինել:
«Խորհրդարանական ընտրությունների ժամանակ իմ ստացած ձայները վկայում են իմ կատարած աշխատանքի մասին, ինչպես նաեւ իմ հեղինակության, այդ թվում՝ գիտական շրջանակներում»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ Գոռ Գեւորգյանը դեկտեմբերի 1-ին հայտարարել էր «Իմ քայլը» դաշինքի խմբակցությունը լքելու եւ իր պարտականությունների կատարումը որպես անկախ պատգամավոր շարունակելու մասին:











