Մասիս քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 3-ին տեղի է ունենալու 20-ամյա Զարուհի Պետրոսյանին ծեծելով սպանելու մեջ մեղադրվող նրա ամուսին Յանիս Սարկիսովի դատավարության հերթական նիստը:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայից NEWS.am-ին հայտնում են, որ նախկին նիստերի ժամանակ դատավորը մերժել էր ամբաստանյալի պաշտպանի` նիստը դռնփակ անցկացնելու առաջարկը, որի համար վերջինս դիմել էր Վերաքննիչ ատյանի դատարան` բողոքարկելով դատավորի որոշումը:

Վերջին նիստը հետաձգվել էր, քանի որ պաշտպանը պնդել էր, որ չի ստացել նիստը դռնփակ անցկացնելու մերժման ծանուցումը, ինչպես նաեւ ժամանակ է խնդրել Վճռաբեկ դատարան դիմելու համար:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կոչ է անում բոլոր քաղաքացիներին, ակտիվիստներին եւ կազմակերպություններին մասնակցելու դատավարությանը արդար վճռի ընդունման հարցում սեփական շահագրգռվածությունը ցույց տալու համար:

Հիշեցնենք, որ Զարուհի Պետրոսյանը մահացել է 2010 թվականի սեպտեմբերի 30-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նրա սպանության մեջ մեղադրվող Յանիս Սարկիսովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ): Հոդվածը նախատեսում է 6-10 տարի ազատազրկում:  Նշենք նաեւ, որ մահացած կինը մանկահասակ դուստր ունի, որն այս պահին մանկատանն է:

Զարուհի Պետրոսյանի հետ տեղի ունեցածը դատապարտել են կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ: