ԱՄՆ Դաշնային առեւտրային հանձնաժողովը (FTC) եւ 48 նահանգներից գլխավոր դատախազների խումբը երկու հակամենաշնորհային հայց են ներկայացրել ընդդեմ Facebook Inc.-ի (SPB: FB), հայտնում է «Գազետա»-ն` վկայակոչելով CNBC-ն:

Մեղադրանքները վերաբերում են ընկերության կողմից WhatsApp եւ Instagram հավելվածների ձեռք բերմանը, եւ դա կարող է ստիպել ընկերությանը վաճառել այդ ակտիվները: Facebook-ի բաժնետոմսերի գինը չորեքշաբթի` դեկտեմբերի 9-ին, ընկել է 1.9 տոկոսով:

Դատական ​​հայցերում նշվում է, որ ընկերությունը հակամրցակցային վարք ունի: Նշվում է նաեւ, որ Facebook-ն օգտագործում է իր շուկայական հզորությունը, մանր արտադրանքներ է ձեռք բերում եւ դրանով իսկ ճնշում է հավանական մրցակիցներին, նախքան նրանք կկարողանան իրենց արժանի մրցակիցները դառնալ:

Facebook-ն իր հերթին դեմ է հանդես եկել դատական ​​գործընթացներին` տեղի ունեցողը «ռեվիզիոնիստական ռազմավարություն» անվանելով երկու խոշոր գնումների (WhatsApp եւ Instagram) նկատմամբ, որոնք ԱՄՆ կառավարությունը հաստատել էր մի քանի տարի առաջ: