Facebook ընկերությունն արձագանքել է ԱՄՆ Դաշնային առեւտրային հանձնաժողովի (FTC) եւ 46 նահանգների գլխավոր դատախազների հայցերին՝ հակամենաշնորհային օրենսդրության խախտման վերաբերյալ գործով, դրանք անվանելով «պատմության վերանայում»: Այս մասին հաղորդվում է ընկերության պաշտոնական կայքում

Հայտարարության համաձայն՝ հայցերի թիրախում են հայտնվել կորպորացիայի երկու ձեռքբերումները՝ Instagram սոցցանցի եւ WhatsApp հավելվածի: Մամուլի հաղորդարության մեջ նշվում է, որ երկու գործարքն էլ գնահատվել են համապատասխան հակամենաշնորհային կարգավորողների կողմից: FTC-ի անդամները մանրակրկիտ վերլուծել են Instagram-ը գնելու գործարքը եւ այն միաձայն հավանության արժանացրել: Եվրոպական հանձնաժողովը գնահատել է WhatsApp-ը ձեռք բերելու գործարքը եւ ցանկացած շուկայում մրցակցության համար ոչ մի ռիսկ չի հայտնաբերել:

«Ճիշտ է, որ կարգավորողները թույլատրել են այդ գործարքները, քանի որ դրանք մրցակցությանը սպառնալիք չեն ներկայացնում: Այսօր՝ տարիներ անց, կարծես, անտեսելով հաստատված իրավական կարգավորումները կամ ինովացիաների եւ ներդրումների համար հետեւանքները՝ գործակալությունը հայտարարում է, թե սխալ է թույլ տվել եւ ցանկանում է փոխել ամեն ինչ: Բացի այն, որ սա պատմության վերանայում է, սա պարզապես հակամենաշնորհային օրենսդրության սխալ աշխատանք է»,- նշված է հայտարարության մեջ:

Դրանից բացի, ընկերությունից նշում են, որ հայցերում կիրառվում է մրցակցության հանդեպ անհեռատես եւ սխալ մոտեցում: «Պնդվում է, որ եթե ընկերությունը Facebook-ին նման չէ, ապա այն կարող է Facebook-ի հետ մրցակցել: Այնուամենայնիվ, ճշմարտությունն այն է, որ մարդկանց ավելի շատ տարբերակներ են հասանելի, քան նախկինում երբեւէ, եւ մենք անընդհատ պայքարում ենք այլ հավելվածների դեմ իրենց ժամանակի եւ ուշադրության համար: Ամբողջ աշխարհում մարդիկ մեր արտադրանքն են ընտրում ոչ այն պատճառով, որ հարկադրված են, այլ այն պատճառով, որ մենք նրանց կյանքն ավելի լավն ենք դարձնում»,- հավելել են ընկերությունից:

Facebook-ի գնահատմամբ՝ հայցերը կարող են կասկածներ եւ անվստահություն առաջացնել ԱՄՆ կառավարության կողմից [ընկերությունների] միավորումը քննարկելու գործընթացում եւ այն բանում, թե ձեռնարկություններն իրականում կարո՞ղ են արդյոք ապավինել իրավական ընթացակարգի արդյունքներին:

FTC-ից նշում են, որ Facebook-ի դեմ մեղադրանքները ներկայացվել են «46 նահանգների, Կոլումբիա եւ Գուամ շրջանների գլխավոր դատախազների կոալիցիայի համագործակցությամբ տեւական հետաքննության» արդյունքներով: Հանձնաժողովի ներկայացուցիչների կարծիքով՝ ընկերությունը ձգտել է «չեզոքացնել իր մենաշնորհի սպառնալիքները»: Հայցվորները համարում են, որ կորպորացիան այս նպատակով, մասնավորապես, ձեռք է բերել Instagram սոցցանցը, ինչպես նաեւ WhatsApp հավելվածը: FTC-ն փորձում է հասնել Facebook-ի «ակտիվների օտարմանը», որոնք ընկերությունն իբր ստացել է հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելով: