Ուզում եմ անդրադառնալ հարցին, թե ինչ է նկատի առնվում Հայաստանի սահման ասելով. ՀՀ-ն անկախություն է ստացել Հայկական ԽՍՀ իրավահաջորդ որպես եւ նրա տարածքում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը անդրադարձավ նաեւ քննադատությանը, թե Հայաստանի սահմանը որոշում են Google-ի քարտեզներով ու GPS-ով. «Հիմա շատ քննարկումներ, շահարկումներ կան, քանի որ խոսվում է GPS-ով սահմանները ճշտելու վերաբերյալ, շատ շահարկումներ կան, թե իբր այդ սահմանային կետերը ճշտվում են Google-ի քարտեզի հիման վրա: Ես ուզում եմ հստակ պարզաբանել, որ այդ սահմանները ճշգրտում են ԽՍՀՄ ժամանակներից գոյություն ունեցած քարտեզների հիման վրա: Իսկ GPS սարքերը օգտագործվում են քարտեզի վրա նշված կոորդինատները ճշգրիտ տեղանշելու համար: Ընդ որում, խոսքն այնպիսի քարտեզների մասին է, որոնք ունեն դե յուրե իրավական ուժ: Խոսքը ինչ-որ դարակից հանած քարտեզների մասին չէ, այլ ԽՍՀՄ-ում իրավական ուժ ունեցող քարտեզների մասին»,-ասաց նա:





























