Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգություն պետական ծառայությունը նախատեսում է քաղաքային իշխանությունների հետ համատեղ ստուգումներ իրականացնել դպրոցներում եւ մանկապարտեզներում: Այս մասին այսօր` հունիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ծառայության պետ Գրիգոր Գրիգորյանը, հավելելով, որ Հայաստանում սննդի անվտանգության վիճակը բավականին մտահոգիչ է եւ այդ ոլորտում շատ անելիքներ կան:
Անդրադառնալով գենետիկորեն մոդիֆիկացված սննդին` Գրիգոր Գրիգորյանն ասաց, որ ՀՀ օրենքով չի արգելվում նման կարգի սննդի ներմուծումը, ուստի վերահսկելու մասին խոսելիս նախեւառաջ պետք է օրենսդրական դաշտը կանոնակարգվի:
Ինչ վերաբերում է Եվրոպայում սկսված «վարունգային խուճապին», սննդի անվտանգության պետական ծառայության պետը նշեց, որ այս պահին դադարեցվել է Իսպանիայից բոլոր տեսակի հատապտուղների եւ բանջարեղենի ներկրումը Հայաստան: Գրիգոր Գրիգորյանի խոսքով` ուսումնասիրություններ են կատարվում եւ եթե հայտնաբերվի, որ այլ երկրներից ներկրվող բանջարեղենի մեջ վնասակար տարրեր կան, ապա այդտեղից ներկրումը եւս կկասեցվի:
Հիշեցնենք, որ «վարունգային խուճապն» սկսվել է Գերմանիայում, որտեղ արձանագրվել է վարակման առաջին դեպքը: Գերմանական իշխանությունները հայտարարում են, որ, ամենայն հավանականությամբ, մարդիկ վարակվել են իսպանական վարունգներից::




























