Բոլորն էլ փոխվում են, եթե Նաիրա Զոհրաբյանը չլինի ԲՀԿ-ից, ապա բոլորովին այլ Նաիրա Զոհրաբյան կլինի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի դիտարկմանը, թե ինքը «Իմ քայլի» քաղաքական թիմ մտնելուց հետո տրանսֆորմացիայի է ենթարկվել:

«Ինչ վերաբերում է մանդատին, ապա ես ժամանակին ավելի շատ վարձատրվում էի, ավելի լավ աշխատում էի: Որ պահին զգամ, որ այս կարգավիճակով շատ ավելի քիիչ կկարողանամ օգուտ տալ, որեւէ կաշկանդվածություն չունեմ»,-ասաց նա:

Հարցին, թե իրեն սպառնացե՞լ են, որ Նաիրա Զոհրաբյանի՝ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի պաշտոնից զրկելու հարցին անպայման կողմ քվեարկի, քվեաթերթիկը նկարի եւ ուղարկի խմբակցության քարտուղարին« Սիսակ Գաբրիելյանն ասաց. «Չէ, ես միայն գիտեմ, որ խմբակցությունը ներկայացրել է այդպիսի նախագիծ: Ես կարծում եմ՝ նաեւ տիկին Զոհրաբյանն էր չէր ուզենա, որ այդպես լիներ: Մեծ արհավիրք է եղել եւ շատերս էմոցիոնալ դաշտում հայտարարություններ արած լինենք: Մի հատ իր հետ էլ պետք է խոսեմ: Իրեն ճանաչելով, վստահ եմ, որ ինքն էլ գուցե չէր ուզենա, որ այդպես լինել ձեւակերպումը: Եթե տիկին Զոհրաբյանը կարծում է, որ հասարակության մի հատվածը նախիր է, ժեխ է, բայց մենք նաեւ այդ մարդկանց պատգմավորներն ենք»:

Հարցին, թե կո՞ղմ է քվեարկելու, Սիսակ Գաբրելյանն արձագանքեց. «Խմբակցության որոշումն է այդպիսին: Գուցե այս ընթացքում տիկին Զոհրաբյանն այնպիսի ելույթ է ունենում, ներողություն է խնդրում, ինչ-որ բան է լինում: Բայց եթե ես էլ լինեի այդ պաշտոնին ու նման բան թույլ տայի, կարծում եմ՝ իմ նկատմամբ էլ այսպիսի գործընթաց ճիշտ կլիներ, ասենք, ԲՀԿ-ի կողմից»:

Հարցին, թե ինչ է իրեն խանգարում դեմ գնալ «Իմ քայլը» խմբակցության որոշմանը, Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց. «Ես չասացի, որ համամիտ չեմ դրա հետ: Ես ասացի, որ Նաիրա Զոհրաբյանին ճանաչելով, կարծում եմ, որ ինքը գուցե չէր ուզենա այդպիսի արտահայտություն անել: Գուցե ես սխալվում եմ: Գուցե իր հետ խոսեմ, ասի՝ լավ էլ ուզեցել եմ անեմ: Այս պահին կա արված վիրավորանք ուղղված հանրության մի խմբի»:

Ինչ վերաբերում է նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից էլ եղել են վիրավորական արտահայտություններ՝ «վնգստացող դատավորներ», «թափթփուկներ»,  այս կամ այն խմբի հասցեին, պատգամավորը նկատեց, որ երկու կողմից էլ դա վատ է եւ չպետք է արդարացվի:

Հարցին, թե ինչու վարչապետի ասածների հարցով գործընթաց չեն սկսում, նա ասաց. «Ես ասացի, որ նաեւ մեր պատգամավորների կողմից է եղել նմանատիպ վատ վարքագիծ: Նույն ձեւի լիազորություն ունեին ընդդիմադիր պատգամավորները: Այնպես չի, որ էթիկայի հանձնաժողով ստեղծելու լիազորությունը միայն իշխանական պատգամավորներինն է»: