Եվրոպացի ֆերմերները միլիոնավոր եվրոների վնասներ են կրում, բազմաթիվ տնտեսություններ հատնվել են սնանկացման եզրին: Պատճառը` E.Coli բակտերիան է, որ ըստ նախնական ենթադրության` մարդկանց փոխանցվում էր բանջարեղենից: Վերջին բացահայտումը, ըստ որի, վարակի աղբյուրը ծլարձակած սոյան է, փոքր-ինչ մեղմել է իրավիճակը, սակայն խուճապը դեռ չի վերացել:
Եվրամիությունում բանջարեղենի շաբաթական շրջանառությունը 1 մլրդ եվրո է, ֆերմերների վնասները գնահատվում են առնվազն 300 մլն եվրո: Համարյա ողջ Եվրոպայում մարդիկ դադարել են բանջարեղեն գնել, իսկ գերմանական իշխանությունները մարդկանց խորհուրդ են տվել միառժամանակ խուսափել վարունգից, լոլիկից եւ սալաթներից:
Ռուսաստանում ոչ միայն արգելել են բանջարեղենի ներմուծումը Եվրոպայից, այլեւ վաճառքից հանվում են մինչ արգելքը ներմուծված կարտոֆիլը, կաղամբը եւ այլ բանջարեղեններ; Օրինակ` շուկաներին արգելվել է վաճառել ֆրանսիական կարտոֆիլը:
Նշենք, որ Ռուսաստանի կողմից բանջարեղենի ներմուծման արգելքը մեր տարածաշրջանի վրա չի տարածվում, իսկ հայկական որոշ ընկերություններ նախատեսում են ռուսական շուկայում եվրոպական բանջարեղենին փոխարինել հայկականով:




























