Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մոտ ապագայում անպայման կայցելի Հայաստան։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը։

«Իրանի եւ Հայաստանի միջեւ բարեկամական եւ բարիդրացիական հարաբերություններ են։ Երկու երկրների գտնվում են մշտական կապերի մեջ»,- ասել է նա, հայտնում է ISNA գործակալությունը։

Նրա խոսքով, Ահմադինեժադը Հայաստան կայցելի, երբ ավարտվեն Երեւան կատարելիք այցի շրջանակներում ստորագրվելիք փաստաթղթերի վրա տարվող աշխատանքները։

Ինչպես հայտնում է գործակալությունը, ճշգրիտ ժամկետները դեռեւս հայտնի չեն։

Նշենք, որ Իրանի նախագահի այցը Հայաստան նախատեսված էր հունիսի 6-ին։