Ազգային ժողովում այժմ միայն մեկ հարց պետք է քննարկվի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Այստեղ եւ այսօր պետք է քննարկվի մեկ օրակարգ՝ այդ մարդն այլեւս ի վիճակի չէ ադեկվատ բանակցություններ վարելու։ Մենք ունենք լրջագույն խնդիրներ։ Այսօր մենք ունենք Հայաստանի պետականությանը սպառնացող լրջագույն վտանգներ։ Ադրբեջանի ֆոլկլորի գլխավոր հերոսը չի կարող արժանապատվորեն բանակցել եւ խնդիրներ լուծել։ Ես վստահ եմ, որ այստեղ նստած պատգամավորներից շատերը դա հասկանում են։ Պարտության խորհրդանիշը չի կարող շարունակել տարբեր մանիպուլյացիաներով, տարբեր լծակներով, դատական համակարգի նկատմամբ տարբեր մանիպուլյացիաներով շարունակել պահել իշխանություն։ Դուք էլ դա շատ լավ հասկանում եք, սիրելի գործընկերներ, եւ ինչքան շուտ ձեզանից շատերը բռնեն այդ մարդու ձեռքը եւ ասեն, որ պետք է օր առաջ հեռանա, այնքան արագ մենք կկարողանանք ուղղել մեր ողնաշարը։ Դրա փոխարեն դուք փորձում եք հանրությանը կերակրել, որ ադրբեջանցիների եւ թուրքերի առեւտուր կանենք, լավ կապրենք։ Դե հիմա գնացեք ու ռազմագերու ծնողին ասեք՝ ոչինչ, որ քո որդին այնտեղ է, կգնանք ադրբեջանցու հետ առեւտուր կանենք ու դուք լավ կապրեք։ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա եւ այս խորհրդանում պետք է քննարկվի միայն այդ հարցը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ թեպետ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր Մոսկվայում լուծել ռազմագերիների հարցը, բայց հերթական անգամ գլուխ խոնարհեց Ալիեւի առաջ, ճաշեց նրա հետ եւ վերադարձավ։
«Տպավորություն է, որ մենք ապրում ենք զուգահեռ իրականություններ։ Կա մի իրականություն, որտեղ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, որպեսզի մենք կարողանանք փրկել Հայաստանը, որովհետեւ Արցախն այլեւս մենք, ցավոք սրտի, կորցրել ենք։ Եվ կա ձեր ստեղծած իրականությունը, որտեղ դուք փորձում եք կեղծ օրակարգերով շեղել հանրության ուշադրությունը։ Երկու կարեւոր նախագիծ բերեցին իմ գործընկերները։ Այսօր մենք ունենք ռազմագերիների խնդիր։ Նիկոլ Փաշինյանը գրեց, որ գնում է Մոսկվա եւ իր թիվ 1 խնդիրը լինելու է ռազմագերիների խնդիրը։ Գնաց, հերթական անգամ գլուխը խոնարհեց Ալիեւի առաջ, հերթական անգամ մեր Սյունիքով ճանապարհ տվեց թուրքերին, որպեսզի իրականացնեն «Մեծ Թուրանի» իրենց ծրագիրը, Ալիեւը հայտարարեց, որ գոհ է արդյունքներից եւ ճաշեց Ալիեւի հետ եւ վերադարձավ։ Իսկ ռազմագերիների ծնողները մնացին իրենց խնդիրների հետ»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։











