Վաշինգտոնում ԱՄԷ-ի դեսպան Յուսեֆ Ալ-Օթաիբան կարծում է, որ Էմիրություններին եւ Սաուդյան Արաբիային զենքի վաճառքի դադարեցման մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հայտարարությունը սպասելի էր: Այս մասին ասվում է ԱՄՆ-ում ԱՄԷ-ի դեսպանության տարածած հայտարարության մեջ:

«ԱՄԷ-ն սերտորեն կհամագործակցի Բայդենի վարչակազմի հետ Մերձավոր Արեւելքում խաղաղության եւ կայունության համապարփակ մոտեցման ուղղությամբ: Ինչպես եւ նախորդ անցումային փուլերում, ԱՄԷ-ն ներկայիս քաղաքականության վերանայում էր ակնկալում ԱՄՆ նոր վարչակազմի կողմից, մասնավորապես` F-35- ի վաճառքի փաթեթի մասով, ինչը շատ ավելին է, քան պարզապես ռազմական տեխնիկայի վաճառք գործընկերոջը»,- ասել է դեսպանը:

Դիվանագետը նշել է, որ գնված զենքը «կանխարգելիչ դեր է խաղալու»: «Ինչպես եւ ԱՄՆ-ի դեպքում, զենքն ԱՄԷ-ին թույլ է տալիս պահպանել ագրեսիայի զսպման ուժեղ ռազմավարությունը` նոր երկխոսությանն ու անվտանգության ոլորտում համագործակցությանը զուգահեռ, քանի որ դա օգնում է հանգստացնել տարածաշրջանային գործընկերներին»:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաստատել է, որ Պետդեպարտամենտը դիտարկում է զենքի կասեցված վաճառքներն այն բանից հետո, երբ նոր վարչակազմը հայտարարեց Սաուդյան Արաբիային եւ ԱՄԷ-ին զենքի վաճառքի դադարեցման մասին: Դա պայմանավորված է նրանով, որ Պետդեպարտամենտը Թրամփի վարչակազմի կողմից կնքված միլիարդավոր դոլարների գործարքների ավելի լայն ուսումնասիրություն է անցկացնում: