Apple-ի ակտիվ գաջեթների թիվը գերազանցել է 1.5 միլիարդ միավորը: Այս մասին Reuters-ի հետ զրույցում հայտնել է ընկերության ղեկավար Թիմ Քուքը, փոխանցում է «Լենտա»-ն:

Ակտիվ սարքեր են համարվում այն դեվայսները, որոնք ստանում են այս կամ այն թարմացումները: Քուքը նշել է, որ ներկայումս Apple-ը 1.65 միլիարդ գաջեթ` iPhone, iPad, Mac եւ այլն, ունի: Մեկ տարի առաջ դրանց թիվը 1.5 միլիարդ էր:

Ամերիկյան կորպորացիայի ղեկավարը նաեւ հայտնել է ակտիվ iPhone-ների քանակը` ավելի քան մեկ միլիարդ միավոր: 2019 թվականին Apple-ը սմարթֆոնների ավելի քան 900 միլիոն միավոր էր գրանցել: Թիմ Քուքը նաեւ պատմել է, որ վճարովի ծառայությունների եւ բաժանորդագրությունների օգտագործողների թիվը շուրջ 620 միլիոն մարդ է կազմում: Դա ավելի շատ է, քան ընկերությունը նախատեսում էր հավաքել մինչեւ 2020 թվականի վերջը` 600 միլիոն օգտագործող: