Չինաստանը ժամանակավորապես արգելել է Կանադայից ժամանող օտարերկրացիաների մուտքը, եթե անգամ նրանք ունեն աշխատանքի գործող թույլտվություն, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Տորոնտոյում Չինաստանի հյուպատոսությանը:

«Բոլոր օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ունեն Չինաստանում աշխատելու, անձնական գործերի եւ ընտանիքի հետ վերամիավորվելու համար գործող կացության իրավունք, ժամանակավորապես թույլ չի տրվում մուտք գործել Չինաստան Կանադայից»,-նշված է հյուպատոսության հայտարարության մեջ:

Արգելքը չի վերաբերում դիվանագիտական կամ ծառայողական վիզաներ ունեցող անձանց:

Վիզայի ռեժիմի դադարեցումը պայմանավորված է նրանով, որ Կանադան սահմանափակում է արտասահմանյան ուղեւորությունները՝ COVID-19-ի հետ կապված մտավախություններից ելնելով: Շաբաթ Կանադան հաղորդել է հիվանդության  4 255 նոր դեպքի մասին, ընդ որում՝ համավարակի ամբողջ ընթացքում երկրում մահացել է 19 942 մարդ:

Կանադա ժամանող ավիաընկերությունների բոլոր ուղեւորները պետք է հանձնեն կորոնավիրուսի թեստ օդանավակայանում եւ սպասեն հյուրանոցում երեք օր սեփական միջոցներով, քանի դեռ նրանց չեն հայտնել թեստի արդյունքները, ուրբաթ հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

Առաջիկա շաբաթներին կանադացի զբոսաշրջիկները, որոնք կվերադառնան ԱՄՆ-ից ցամաքային ճանապարհով, պետք է ցույց տան կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանը, որից հետո միայն նրանց կթույլատրվի մուտք գործել երկիր: