ԱՄՆ-ը պատրաստ է վերադառնալ 2015-ի միջուկային գործարքին, եթե Իրանը դա անի, եւ ապա ԱՄՆ դաշնակիցների եւ գործընկերների հետ աշխատի «ավելի երկարատեւ ու ուժեղ» համաձայնագրի վրա, որը կընդգրկի նաեւ այլ հարցեր: Այս մասին NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Նրա խոսքով՝ Թեհրանին մի քանի ամիս է մնացել, մինչեւ կկարողանա բավարար տրոհվող նյութեր արտադրել միջուկային զենքի համար, ինչը կարող է «շաբաթների հարց լինել», եթե Իրանը շարունակի հրաժարվել միջուկային գործարքում սահմանափակումներից:
Հարցին, թե արժի արդյոք Հյուսիսային Կորեան ճանաչել որպես միջուկային տերություն, Բլինքենն ասել է, որ Բայդենը խնդրել է ազգային անվտանգության իր թիմին վերանայել Փհենյանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը «բոլոր ուղղություններով», որպեսզի որոշվեն Կորեական թերակղզու ապառազմականացման ամենաարդյունավետ ուղիները: Այս գործիքները, նրա խոսքով, ներառում են հետագա պատժամիջոցների հնարավորություն՝ ԱՄՆ դաշնակիցների հետ համաձայնությամբ, ինչպես նաեւ չնախանշված դիվանագիտական խթաններ:
Նրա խոսքով՝ Բայդենի վարչակազմը նաեւ ուսումնասիրում է Սաուդյան Արաբիայի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները՝ համոզվելու համար, որ դրանք համահունչ են ԱՄՆ-ի շահերին եւ արժեքներին: Նա 2018-ին Ջամալ Խաշոգջիի սպանությունն անվանել է «լրագրողի ու ԱՄՆ բնակչի նկատմամբ վրդովեցուցիչ արարք»:
Սակայն Բլինքենը հրաժարվել է դատապարտել թագաժառանգ արքայազն Մոհամմեդ բեն Սալմանին, ով, ըստ ԿՀՎ-ի եզրակացության, պատվիրել է Խաշոգջիի սպանությունը:





























