Հունվարին թուրքական ինքնաթիռները 128 անգամ խախտել են Հունաստանի օդային տարածքը, հայտնում է To Vima հունական թերթը` վկայակոչելով Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի (GEETHA) հայտարարությունը:
Խախտումները կատարվել են 73 ինքնաթիռների, այդ թվում` յոթ կործանիչների կողմից: Նշվում է, որ ինքնաթիռները չեն ներկայացրել անհրաժեշտ թռիչքային պլանները:
Հունաստանի եւ Թուրքիայի պաշտոնատար անձինք անցած շաբաթ ավելի քան չորս տարի անց վերսկսեցին նախնական բանակցությունները` տարածքային տարաձայնությունների լուծմանը նպաստելու համար: Հաջորդ երկկողմ հանդիպումը տեղի կունենա փետրվարի վերջին կամ մարտին` Եվրամիության գագաթնաժողովին ընդառաջ:
Հունվարի սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստանին մեղադրել էր Էգեյան ծովում լարվածությունը սրելու եւ Թուրքիայի օդային տարածքը խախտելու մեջ:




























