ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենի եւ Թայիփ Էրդողանի առաջատար խորհրդականները հեռախոսազրույց են ունեցել, ինչը  երկրների առաջին պաշտոնական շփումն է Բայդենի` նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո, հաղորդում է Anadolu- ն:

Էրդողանի արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդական Իբրահիմ Կալինը եւ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը քննարկել են Սիրիային, Լիբիային, Միջերկրական ծովի արեւելյան հատվածին, Կիպրոսին եւ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր:

Կալինը Սալիվանին ասել է, որ համատեղ ջանքեր են  անհրաժեշտ` երկրների միջեւ առկա տարաձայնությունները լուծելու համար, ինչպիսիք են Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 պաշտպանական համակարգերի գնումը եւ Սիրիայի հյուսիսում քրդական զինված խմբավորումների աջակցությունն ԱՄՆ-ի կողմից:

Հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ Սպիտակ տունն ասել է, որ Սալիվանը կարեւորում է Բայդենի վարչակազմի ցանկությունը «կառուցողական» հարաբերությունների հարթել ԱՄՆ եւ Թուրքիայի միջեւ, սակայն անդրադարձել է նաեւ տարաձայնությունների ոլորտին:

Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էմիլի Հորնն հայտարարել է, որ Սալիվանը «փոխանցել է վարչակազմի` ՆԱՏՕ-ի միջոցով տրանսատլանտյան անվտանգությունը խթանելու մտադրությունը` մտահոգություն հայտնելով, որ Թուրքիան ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերմամբ խաթարում է դաշինքի միասնությունն ու արդյունավետությունը»: