Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` հունիսի 9-ին ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրույցի ընթացքում համանախագահները նախարարին ներկայացրել են Բաքվում եւ Ստեփանակերտում իրենց ունեցած հանդիպումների արդյունքները՝ հույս հայտնելով, որ Կազանում կայանալիք առաջիկա գագաթաժողովին առաջընթաց կարձանագրվի՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման հարցում:

Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը հստակ պատասխան է տվել եռանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակին, եւ եթե Ադրբեջանը պատրաստ լինի տալ իր միանշանակ համաձայնությունը, ապա հնարավոր կլինի կարգավորման գործընթացում արձանագրել ակնկալվող առաջընթացը:

Նա նշել է. «Արդյոք Ադրբեջանի պաշտոնյաների՝ անգամ Դովիլից հետո բանակցային գործընթացի էությունը աղավաղող կամ հորինված մանրամասներ ներկայացնող հայտարարությունները` խաղաղապահ ուժերի կամ այլ հարցերի մասին, վկայո՞ւմ են առաջարկություններին՝ առանց փոփոխությունների եւ լրացումների համաձայնություն տալու Բաքվի պատրաստակամության մասին, ինչի վերաբերյալ կոչ էին արել համանախագահները»: 

Հանդիպմանը քննարկվել են Կազանում կայանալիք եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները: