Նիդերլանդներում սննդամթերքի որակի վերահսկման վարչությունն արգելել է տեղի գուղատնտեսական ապրանքներ արտադրող մի ընկերության ճակնդեղ վաճառել, երբ բանջարեղենի մեջ Escherichia coli բակտերիաների մի տարատեսակ է հայտնաբերվել, հաղորդում է Associated Press-ը:
Գործակալության տվյալներով, Եվրամիության ներկայացուցիչները վարակված նիդերլանդական ճակնդեղի մասին տեղեկացրել են ստուգող մարմիններին: Լրացուցիչ ստուգումը հաստատել է, որ բանջարեղենը վարակված է E. Coli-ով:
Վարչությունն ընդգծում է, որ E. Coli-ի հայտնաբերված տարատեսակը տարբերվում է նրանից, որի հետեւանքով Գերմանիայում 26 մարդ է մահացել:
Սուր աղիքային վարակը Գերմանիայում բռնկվել է մայիսի սկզբին: Վարակի պատճառն առ այսօր հնարավոր չի եղել պարզել: Սկզբնապես համարում էին, որ պատճառը Իսպանիայից ներկրված վարունգներն են, ապա ենթադրեցին, որ աղիքային ցուպիկը եղել է սոյայի մեջ, սակայն այդ վարկածն էլ հերքվեց;
Աղիքային վարակի պատճառով, եվրոպական գյուղմթերքների արտադրողները բազմամիլիոնանոց վնասներ կրեցին: Եվրամիությունը 210 միլիոն եվրո փոհատուցում է վճարելու արտադրողներին, որոնք վնասներ են կրել համաճարակի պատճառով: Միայն Իսպանիան իր վնասը գնահատել է 400 միլիոն եվրո:




























