Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Խաթամին հայտարարել է Հնդկական օվկիանոսի տարածաշրջանի ռազմականացման անթույլատրելիության մասին, հաղորդում է Mehr-ը:
Ելույթ ունենալով Հնդկական օվկիանոսի տարածաշրջանի (IOR) պաշտպանության նախարարների հանդիպմանը, որն անցկացվել է Հնդկաստանի Բանգալոր քաղաքում, Խաթամին կոչ է արել վերակազմակերպել աշխարհակարգը՝ հիմնվելով «ծագող ուժային տարրերի եւ բեւեռացումից ազատվելու վրա»:
Նրա խոսքով՝ վերջին տասնամյակի ողբերգական իրադարձությունները ապացուցել են, որ հեգեմոն տերությունների մոդելները չեն հասել ոչ մի բանի, բացի բռնությունից, ծայրահեղականությունից, ահաբեկչությունից, սպանություններից, սահմանային վեճերից, պատերազմներից, անապահովությունից ու ավերածություններից:
Իրանցի նախարարը նաեւ հիշատակել է ԱՄՆ-ի ապօրինի եւ միակողմանի դուրս գալը միջազգային պայմանագրերից, ինչպիսիք են Իրանի միջուկային գործարքը եւ Փարիզի կլիմայի համաձայնագիրը՝ ասելով, որ այլեւս չի կարելի վստահել մեծ տերություններին:
Նա նաեւ նախազգուշացրել է ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից ահաբեկչությունը տարածաշրջանում իրենց ազդեցությունն ընդլայնելու գործիք օգտագործելու փորձերի մասին՝ հայտնելով տարածաշրջանի երկրների հետ ահաբեկչության դեմ պայքարի իր փորձով կիսվելու Իրանի պատրաստակամության մասին: Խաթամին նախազգուշացրել է տարածաշրջանը ռազմականացնելու գաղութային տերությունների փորձերի մասին՝ ընդգծելով, որ Հնդկական օվկիանոսի տարածաշրջանի անվտանգությունը պետք է վերահսկվի տեղական ուժերի կողմից:





























