ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նախազգուշացրել է, որ անցել են այն օրերը, երբ Միացյալ Նահանգները «ճկվում էր Ռուսաստանի ագրեսիայի առջեւ»:

«Ես պարզ հասկացրեցի Պուտինին, բոլորովին այլ կերպ, քան իմ նախորդը, որ անցել են այն օրերը, երբ Միացյալ Նահանգները ճկվում էր Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների առջեւ՝ միջամտություն մեր ընտրություններին, կիբեռհարձակումներ, սեփական քաղաքացիների թունավորում»,- Պետդեպարտամենտում իր ելույթի ժամանակ ասել է Բայդենը:

Նա նաեւ կոչ է արել Ռուսաստանին ազատել բլոգեր Ալեքսեյ Նավալնուն՝ ավելացնելով. «Մենք առանց հապաղելու կբարձրացնենք գինը Ռուսաստանի համար»:

Բայդենը ընդհանուր գծերով նախանշել է արտաքին քաղաքական մի շարք նախաձեռնություններ, այդ թվում` ԱՄՆ զինված ուժերի գլոբալ վերանայում եւ Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած հարձակմանը ռազմական աջակցության դադարեցում:

«Ամերիկան վերադարձել է: Դիվանագիտությունը վերադարձել է»,- ասել է նա: «Մենք պետք է դիմավորենք գլոբալ մարտահրավերների արագացման այս նոր պահը` համաճարակից մինչեւ կլիմայական ճգնաժամ եւ միջուկային զենքի տարածում, ինչը կարող են լուծել միայն այն երկրները, որոնք համատեղ աշխատում են ընդհանուր գործի համար»,- ասել է նա: «Դա պետք է սկսվի դիվանագիտությունից, որը հիմնված է Ամերիկայի ամենանվիրական ժողովրդավարական արժեքների վրա՝ ազատության պաշտպանություն, հնարավորությունների պաշտպանություն, համընդհանուր իրավունքների պաշտպանություն, օրենքի գերակայության հանդեպ հարգանք, արժանապատիվ վերաբերմունք յուրաքանչյուր մարդու հանդեպ»