ԱՄՆ վարչակազմը մտադիր է օգտվել ԱՄՆ Ֆուտբոլի ազգային լիգայի առաջարկից (ՖԱԼ` ամերիկյան ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգա ԱՄՆ-ում) եւ դրա բոլոր մարզադաշտերն օգտագործել բնակչությանը նոր կորոնավիրուսի դեմ պատվաստելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որից մի հատված հեռարձակվել էր կիրակի օրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Երկրի ղեկավարին հարցրել են` արդյո՞ ք դաշնային կառավարությունը մտադիր է աջակցել ՖԱԼ-ի առաջարկին եւ օգտագործել լիգայի բոլոր մարզադաշտերն ամերիկացիների պատվաստումների տեմպերի արագացման համար: «Իհարկե կօգտագործենք: Ես իմ թիմին կասեմ, որ դրանք հասանելի են, եւ կարծում եմ, որ մենք կօգտվենք դրանցից»,- ասել է նա: Ներկայումս ԱՄՆ բնակիչները պատվաստվում են ՖԱԼ-ի երեսուն մարզադաշտերից յոթում:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների Ալերգիկ եւ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին հայտարարել էր, որ կոլեկտիվ իմունիտետն ԱՄՆ-ում կհայտնվի այն բանից հետո, երբ պատվաստվի երկրի բնակիչների 75 տոկոսը: Ներկայիս տեմպերով դա կարող է մոտ մեկ տարի տեւել: Բայդենը հայտարարել էր, որ իշխանությունները չեն կարող այդքան սպասել:

Ընդ որում, նա հավելել է, որ քիչ հավանական է կոլեկտիվ իմունիտետի հասնել մինչեւ ամռան վերջ: «Մի բան է, եթե մենք բավարար պատվաստանյութ ունենայինք, բայց չունենք: Ուստի մենք ներդնում ենք բոլոր ջանքերը` ավելի շատ պատվաստանյութ արտադրելու համար»,- ասել է նախագահը` քննադատելով իր նախորդի գործողություններն այդ պաշտոնում: