Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները եւ չինացի մասնագետները Ուհանում կորոնավիրուսի աղբյուրի համատեղ որոնման ընթացքում մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել, որոնց մասին ավելի ուշ կհաղորդվի առաքելության աշխատանքի վերջնական զեկույցում: Այս մասին երկուշաբթի կայացած հերթական ճեպազրույցին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Նրանց ներկայիս այցը կորոնավիրուսի աղբյուրների որոնման գլոբալ համագործակցության ծրագրի մաս է: Չինացի եւ օտարերկրյա մասնագետները միասին աշխատեցին` չնայած համավարակի պատճառով ծագած դժվարություններին: Նրանց միջեւ խորը եւ ընկերական խորհրդակցություններ են տեղի են ունեցել` հիմնված գիտության եւ փաստերի նկատմամբ հարգանքի սկզբունքների վրա: Որքան գիտեմ, նրանք շատ պայմանավորվածություններ են ձեռք բերել: Կարծում եմ, որ դա կարտացոլվի նրանց զեկույցում»,- ասել է դիվանագետը:
«Կորոնավիրուսի ծագման որոնումը գիտական բարդ խնդիր է. քաղաքական գործիչները եւ դիվանագիտությունը չպետք է խառնվեն դրան: Բազմաթիվ փաստեր արդեն ցույց են տվել, որ համավարակն աշխարհի մի քանի վայրում սկսվել է 2019-ի երկրորդ կեսից: Ուստի մենք պետք է խորը վերլուծություն կատարենք առկա բոլոր տեղեկությունների հիման վրա եւ համապատասխան վայրեր այցելենք: Դա մեզ թույլ կտա եզրակացության գալ գիտական փաստերի եւ օբյեկտիվ տվյալների հիման վրա»,- հավելել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
ԱՀԿ մասնագետներն Ուուհան էին ժամանել հունվարի 14-ին` նոր տեսակի կորոնավիրուսի ծագումն ուսումնասիրելու նպատակով: Ժամանելուն պես նրանց երկշաբաթյա կարանտին են անցկացրել, որի ընթացքում տեսազանգերով խորհրդակցություններ են ունեցել իրենց չինացի գործընկերների հետ: Այցի ընթացքում ԱՀԿ մասնագետներն այցելել են Ուհանի ծովամթերքների շուկա, որտեղ եւ 2019-ի դեկտեմբերին առաջին անգամ կորոնավիրուսի բռնկում էր գրանցվել, քաղաքի մի շարք ինֆեկցիոն հիվանդանոցներ, ինչպես նաեւ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտ:





























