Twitter-ը գովազդից իր եկամուտների կախվածությունը նվազեցնելու նպատակով քննարկում է մի շարք վճարովի ծառայություններ մտցնելու հնարավորությունը, հայտնում է «Բլումբերգ» գործակալությունը:

Գործակալության տեղեկություններով՝ այդ թվում քննարկվում է այնպիսի ծառայությունների օգտագործման համար վճարի գանձումը, ինչպես Tweetdeck-ը, որը թույլ է տալիս նայել միանգամից մի քանի լրահոս: Դրանից բացի, ընկերության համար եկամուտ ստանալու միջոց կարող են դառնալ այնպիսի գործառույթները, ինչպես՝ հաղորդագրության «ուղարկումը չեղարկելը»:

Քննարկվում է նաեւ գովազդ չլինելու, էքսկլյուզիվ կոնտենտի կամ ավելի որակյալ տեսանյութ ներբեռնելու համար վճարում մտցնելու հնարավորությունը:

Նշվում է, որ սոցցանցը վճարովի ծառայություններ մտցնելու հնարավորությունը քննարկում էր տարիներ շարունակ, այս գաղափարը առաջնահերթություն էր ստացել նաեւ կորոնավիրուսի համավարակի պատճառով: