Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` փետրվարի 9-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգին:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է դիվանագետին եւ մաղթել արդյունավետ աշխատանք ի շահ հայ-չինական կապերի զարգացման: Վարչապետը գոհունակությամբ է հիշել 2019թ. Չինաստան կատարած իր այցը եւ ՉԺՀ նախագահի ու վարչապետի հետ տպավորիչ հանդիպումները, որոնց արդյունքով ձեռք բերված պայմանավորվածությունները հաջող իրականացվում են:

«Հայաստանն ու Չինաստանը ինտենսիվ հարաբերություններ ունեն, չինական բիզնեսը, մշակույթը, կրթությունը շոշափելիորեն ներկայացված են մեր երկրում: Մենք պատրաստակամ ենք հետեւողականորեն խորացնելու համագործակցությունը քաղաքական, տնտեսական, հումանիտար եւ մյուս ուղղություններով», - ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2020թ., չնայած համավարակով պայմանավորված դժվարություններին, Հայաստանից Չինաստան արտահանման ծավալն ավելացել է, ինչը երկկողմ առեւտրաշրջանառության դրական դինամիկայի մասին է վկայում: Վարչապետը երախտագիտություն է հայտնել ՉԺՀ կառավարությանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ՀՀ առողջապահության ոլորտին տրամադրած օժանդակության համար:

ՉԺՀ դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար, պատիվ է համարել ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունը եւ վստահեցրել, որ կներդնի առավելագույն ջանքերը հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում: Նրա խոսքով՝ երկու երկրներին կապում է փոխադարձ վստահությունն ու ըմբռնումը, եւ Չինաստանի կառավարությունը կարեւորում է Հայաստանի հետ գործընկերությունը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Արցախում պատերազմից հետո ստեղծված իրավիճակի շուրջ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԼՂ հակամարտության հարցում Չինաստանի անկողմնակալ դիրքորոշման համար՝ նշելով, որ դեռեւս չլուծված է մնում ԼՂ կարգավիճակի հարցը, եւ Հայաստանը կարեւորում է բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Անդրադառնալով հումանիտար ասպեկտին՝ Ն. Փաշինյանն ընդգծել է, որ առաջնահերթություն է մնում գերիների վերադարձը, ինչպես նաեւ Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության պաշտպանությունը:

Ֆան Յոնգը նշել է, որ Չինաստանը սատարում է տարածաշրջանում անվտանգության, կայունության, խաղաղ համագործակցության կայացմանը եւ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին եւ հետագա ընդլայնմանը վերաբերող հարցեր: Տնտեսական կապերի զարգացման համատեքստում անդրադարձ է եղել Հայաստանում չինական ներդրումների ավելացման, ապրանքաշրջանառության աճի, ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման, զբոսաշրջային հոսքերի ակտիվացման, նաեւ ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հնարավորություններին: Երկուստեք հեռանկարային է համարվել բարձր տեխնոլոգիաների, կրթության, հումանիտար ոլորտներում գործակցությունը:

Վարչապետն առաջարկել է չինական ընկերություններին ներկայացնել նաեւ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման արդյունքում ստեղծվող ներդրումային հնարավորությունները, ՉԺՀ դեսպանը վստահեցրել է, որ տեղեկատվությունը կփոխանցվի չինական բիզնես շրջանակներին:

Չինաստանի դեսպանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել «Շանհայ Էքսպո - 2021» ցուցահանդեսին մասնակցելու հրավերը: