Ես շատ զարմացա, որ Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի անձնակազմն ու աշակերտները եկել էին ԿԳՄՍ նախարարության մոտ և բողոքում էին. ինչի՞ց են բողոքում, մամուլից հասկացա, որ ասում են՝ եկել ենք, պայքարենք անարդարության դեմ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով այդ թպրոցում տնօրենի ընտրության հետ կապված պատմությանը:

«Իրենք պնդում էին, որ գիտեն, թե ով պետք է նշանակվի դպրոցի տնօրեն, բայց ես չգիտեի: Ես հարցին նոր էի ծանոթանում։ Ես երկու թեկնածուներին բացարձակապես չեմ ճանաչում, տվյալներ չունեի նրանց մասին։

Երբ ծանոթացա խնդրին, իմացա, որ երկու թեկնածուներն էլ 4–ական ձայն են ստացել,  ասացի, որ այս մրցույթն պետք է ճանաչել անվավեր, չկայացած, բայց ինձ ասացին, որ գործող կարգը դա թույլ չի տալիս, և պետք է երկուսից մեկին պարտադիր հրամանագրել: Բայց այդ ընթացքում այն ինչ ես տեսա, որ կանխակալ եկել էին, քաղաքականացված ինչ–որ հայտարարություններ էին անում, հասկացա, որ նման պնդումներն ու վերաբերմունքը տեղ չպետք է ունենան դպրոցական հանրության մեջ։ Դպրոցի առաքելությունը աշակերտին կրթություն տալն է։ Դպրոցում ամենաբարձր պաշտոնը տնօրենը չէ, այլ լավ ուսուցիչն է, և այսօր այդ անհիմն շահարկումները որևէ նպաստ չեն բերում աշակերտների կրթությանը»,-ասաց նախարարը:

Դիտարկմանը, որ նոր տնօրենին կապում են Շրջակա միջավայրի նախարարի  ընտանիքի հետ, ասում են՝ կնոջ ընկերուհին է, նախարարն ասաց. «Ես տեղյակ չեմ՝ ով ում հետ ինչ է կապում։ Դուք ասում եք՝ այս տնօրենը կապվում է այս գործչի հետ, այն օրը լրագրողներից մեկն ինձ հարց տվեց, իսկ մյուս տնօրենն էլ կապվում է այլ գործչի հետ, նման տեղեկություն ես չունեմ, ու դա հետաքրքիր չէ, բացարձակ: Անձնական հարաբերությունների դաշտն ինձ հետաքրքիր չէ»։

Նա հավաստիացրեց, որ դպրոցներում չկան հովանավորչություն եւ կոռուպցիոն սխեմաներ. «Ես չեմ կարող աղմկողների անունից՝ խոսել, հավանաբար նրանց աղմկացնում են: Իհարկե այս աղմուկը հիմնավոր չէ, որովհետեւ ամեն ինչ արվել է օրենքի համաձայն: Եթե կան մարդիկ, որ համարում են, որն ինչ-որ բան եղել է անօրինական, թող դիմեն իրավական լուծումներ ստանան: Բայց գալ, փորձել ճնշում գործադրել նախարարության, աշակերտների վրա, չի կարելի»:

Ինչ վերաբերում է նրան, որ արդեն քանի օր դասադուլ է այդ դպրոցում, Դումանյանն ասաց, որ իրենք ամեն ինչ կանեն, որ աշակերտներն ստանան իրենց կրթությունը, բաց թողած գիտելիքները. «Իսկ դասադուլի կազմակերպիչները կրում են պատասխանատվություն այդ ամենի համար: Շատ անհասկանալի, ոչ օրինական ոճ են ընտրել»: