Երեւանի պետական համալսարանը Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի լոկոմոտիվն, քանի որ այն բուհական համակարգի եւ՛ մայրն է, եւ՛ հայրը: Այս մասին այսօր ԱԺ նիստում «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ հարակից 22 օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ պատասխանելով «Իմ քայլի» պատգամավոր Գեւորգ Պապոյանի հարցին:

Պապոյանը, մասնավորապես, հետաքրքրվեց, թե ինչու կառավարության ներկայացրած նախաձեռնությամբ ԵՊՀ-ին տրվում է հատուկ կարգավիճակ եւ ֆինանսավորում, ինչ հիմքով եւ որ երկրների փորձը հաշվի առնելով: Պատգամավորը կարծիք հայտնեց, որ այդ «խորհրդային ավանդույթը» անհիմն ներառվել է օրենքի նախագծում:

Ի պատասխան՝ նախարարն ասաց. «Օրինակ, Մոսկվայի պետական համալսարանը հատուկ կարգավիճակ ունի: Աշխարհի բոլոր բուհերը պահպանում են ավանդույթները: Պատահական չէ, որ ԵՊՀ-ն համարվում է մայր բուհ: Չի կարելի այդ բուհի մասին դատել ներկայիս իրադրությունը հաշվի առնելով, բուհն արդեն 100 տարեկան է»:

Այնուամենայնիվ, Պապոյանը կարծիք հայտնեց, որ բուհի տված կրթության որակի մասին կարելի է դատել միայն օբյեկտիվ ցուցանիշներով, օրինակ, թե քանի շրջանավարտ է աշխատում իր մասնագիտությամբ: Ընդ որում, պատգամավորը թվեր չնշեց՝ հասկացնելով, որ դա բուհի շահերից չի բխում:

Իր հերթին, Դումանյանը խոստովանեց, որ այսօր ԵՊՀ-ում կան որոշ խնդիրներ, սակայն միեւնույն ժամանակ նկատեց, որ դրա ցուցանիշների հետ կապված մտահոգվել պետք չէ: