Սմարթֆոնները մեզ համար վաղուց դադարել են պարզապես զանգ կատարելու սարք լինել: Սմարթֆոն ընտրելիս կարեւոր գործոններից մեկը այն լուսանկարների որակն է, որոնք կարող է անել դրա տեսախցիկը: Այժմ սմարթֆոնի օգտագործմամբ կարելի է բարձր գեղարվեստական նկարներ անել, նկարահանել գրեթե պրոֆեսիոնալ տեսանյութեր կամ նույնիսկ ամբողջական ֆիլմեր:
Սակայն սմարթֆոնների խցիկի մեկ այլ արժեքավոր առանձնահատկությունն այս պահին գրեթե անհայտ է օգտվողներին։
«Բանականության պահուստ» ընկերության ղեկավար Պավել Մյասոեդովը «Փրայմ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ ժամանակակից սմարթֆոններում թաքնված են բազմաթիվ գործընթացներ, դրանք ոչ միայն բարձրորակ լուսա- եւ տեսանկարահանումներ են անում, որոնք մատչելի են նույնիսկ սկսնակների համար, այլ որոշակի պայմաններում կարող են աշխատել որպես գիշերային տեսանելիության խցիկ։
Այսօրվա դրությամբ, թերեւս, միակ բանը, որով ցանկացած սմարթֆոն զիջում է պրոֆեսիոնալ ֆոտոապարատին, գիշերային նկարահանումների որակն է: Բանը սմարթֆոնի չափի մեջ է, որը անկյունաքարն է: Չափի սահմանափակման պատճառով հեռախոսի խցիկի սենսորները շատ փոքր են: Լույսը սմարթֆոնի տեսախցիկի ոսպնյակի միջով ընկնում է բազմաթիվ պիքսելներից կազմված մատրիցայի վրա: Բայց, չնայած գործընթացի թվացյալ պարզությանը, շատ սմարթֆոններ հագեցած են նաեւ լրացուցիչ սենսորներով` տեսախցիկի արագ ինքնաֆոկուսացման համար, որոնք որոշ հնարամտության դեպքում հեռախոսը կվերածեն գիշերային տեսանելիության սարքի:
Բավական կլինի սմարթֆոնի վրա տեղադրել լրացուցիչ ծրագիր՝ «Գիշերային տեսանելիության ծրագրեր»-ի նման մի բան, եւ սովորական գաջեթի միջոցով իրական ժամանակում հնարավոր կլինի տեսնել նույնիսկ լիակատար մթության մեջ:





























