Որոշ հայկական մասնավոր ընկերություններ նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերել ռազմական արտադրանքի արտահանման վերաբերյալ: Այս մասին փետրվարի 10-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին, պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նրա խոսքով ՝ արտասահմանում ռազմական արտադրանքի իրացման ժամկետների մասին խոսել դեռ վաղ է, սակայն մասնավոր ներդրողները պլանավորում են իրենց աշխատանքը, այդ թվում` հաշվի առնելով ելքն արտաքին շուկա:

Ընդ որում, ինչպես նշեց նախարարը, 2021 թվականին արտադրության մասով որոշակի լուրջ հաջողություններ են գրանցվել: «Արդեն նախնական պայմանավորվածություններ կան արտաքին շուկաների հետ, որոնք ներկայացվել են ինձ»,- շեշտեց Արշակյանը: Ընդ որում, ըստ նախարարի, լուրջ սերտիֆիկացման կարիք ունեցող բարդ արտադրանքն անհրաժեշտ է տարբերակել ավելի պարզից, որին շուկան արդեն ծանոթ է:

«Հայաստանում բարդ արտադրանքի արտադրության համար անհրաժեշտ է զարգացնել ենթակառուցվածքները, մասնավորապես` պայմաններ ստեղծել լաբորատոր հետազոտությունների, ստանդարտիզացման համար, ինչպես նաեւ ռազմական եւ պետական փորձարկումների ինստիտուտ ստեղծել»,- պարզաբանեց նախարարը:

Նախարարությունը, ըստ Արշակյանի, աշխատում է նաեւ այս ուղղությամբ: