Շիրակի մարզ այց ենք պլանավորում, որտեղ հանդիպումներ կունենանք քաղաքացիների հետ, այդ թվում՝ գերիների հարազատների հետ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 10–ին, ԱԺ–ում ի պատասխան «Իմ քայլի» անդամ Նազելի Բաղդասարյանի հարցի, ասաց վարչապետ Փաշինյանը։

«Գերիների խնդրի մասին մեզ եւ ինձ  հիշեցնելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ մենք ոչ մի վայրկյան այդ խնդրի մասին չենք մոռանում։ Դրա հետ կապված մեզ որեւէ գործողության դրդելու համար որեւէ ակցիա անելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ  այդ ակցիաները մեր գլխում, մտքում եւ սրտում են։ Սա այն դեպքն է, երբ մենք պետք է առաջնորդվենք բժշկական սկզբունքով՝ չվնասել։ Ցավոք, եղել են մի շարք գործողություններ,  որոնք թվացել է, թե տեղի են ունենում ի նպաստ խնդրի շուտափույթ լուծման, բայց գործնականում հակառակն է տեղի ունեցել։  Գերիների հարցը առաջնահերթություն է»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը հավաստիացրեց, որ գերիների վերադարձի  համար ակտիվ աշխատանքներ են տեղի ունենում։