Անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Կառավարությանը հարակից Տիգրան Մեծ պողոտայի խաչմերուկը։
Ավելի վաղ նրանք հանդիպում էին ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն հանդիպման արդյունքները չեն գոհացրել նրանց։
Քիչ առաջ նրանց մոտեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը, ով հայտարարեց, թե ինքը եւս ներկա է եղել այդ հանդիպմանը, եւ կարող է ասել, որ նման խոսակցություն չի եղել, որ «մեզ շնորհակալ եղեք, որ հինգ գերի ենք հետ բերել»։
«Նման խոսակցությունը սուտ է, եւ զուտ ներքին կայունությունը խախտելու համար է, որի պատճառով ծնողները բորբոքվել են եւ որշել են փողոց փակել, ես պատասխանատու ասում եմ, որ նման խոսակցություն չի եղել, խնդրում եմ՝ փողոցը բացեք»,- ասաց Նաիրի Սարգսյանը։
Անհետ կորածի հարազատները պահանջեցին, որ այդ նույնը Արսեն Թորոսյանն իր անունից ասի, ոչ թե Նաիրի Սարգսյանի միջոցով դա փոխանցի։
Փողոցը փակած քաղաքացիներն ու վարչապետի օգնականը ընդհանուր հայտարարի չեկան, եւ Նաիրի Սարգսյանը ստիպված եղավ վերադառնալ Կառավարություն։
Նշենք, որ ավելի վաղ վարչապետի հետ տեղի ունեցած հանդիպումից դուրս եկած անհետ կորած զինվորների հարազատները հայտարարել էին, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն իրենց ասել է, որ «մենք պետք է շնորհակալ լինենք, որ գոնե 5 գերու են հետ բերել»։











