Ինձ՝ որպես նախկին լրագրողի, եւս հետաքրքրում է ԱԱԾ վերջին հայտարարությունը: Կարծում եմ՝ ԱԱԾ-ն հավելյալ բացատրությամբ հանդես կգա, սակայն, ըստ էության, տվյալ հայտարարության տրամաբանությունը հիմնված է «մի վնասիր» սկզբունքի վրա: Այս մասին այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Խոսքը, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հայտարարության մասին է, որի համաձայն՝ լրատվամիջոցներն այսուհետ հատուկ թույլտվություն պետք է ունենան ՀՀ Սյունիքի մարզի սահմանային հատվածների վերաբերյալ հրապարակումներ անելու համար։

Պատգամավորը նկատեց, որ մարզում, հատկապես՝ սահմանամերձ հատվածներում, երկրում ռազմական դրության ռեժիմի հետ կապված որոշակի գործընթացներ են տարվում:

«Պետք է ելնել ռազմագերիների շահերից: Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի չվնասենք նրանց: Ինչ-որ պահից այնտեղ կվերսկսվի ազատ մուտքն ու ելքը: Բացի այդ, Հայաստանը փոքր երկիր է, եւ այնպես չէ, որ այստեղ համացանց, սոցցանցեր չկան»,-ասաց պատգամավորը՝ վստահեցնելով, որ ԱԱԾ-ն չի պատրաստվում ինչ-որ բան թաքցնել քաղաքացիներից:

Գաբրիելյանը նաեւ նկատեց, որ հայկական ԶԼՄ-ների տրամադրած տեղեկությունից օգտվում են ոչ միայն Հայաստանում, այլեւ դրա սահմաններից դուրս:

«Հավանաբար հենց այդ պատճառով պետք է որոշակի զգուշություն ցուցաբերենք»,-պարզաբանեց պատգամավորը՝ հավելելով, որ, ըստ էության, որեւէ լուրջ սահմանափակումներ չեն սահմանվում: