Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունիսի 10-ին ընդունել է ԵՄ արտաքին գործերի եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արեւելյան Հարեւանության եւ Արեւմտյան Բալկանների հարցերով կառավարիչ տնօրեն Միրոսլավ Լայչակին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահը շնորհավորել է Միրոսլավ Լայչակին` կառավարիչ տնօրենի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ` հույս հայտնելով, որ Լիսաբոնյան համաձայնագրով ստեղծված Եվրամիության արտաքին գործերի ծառայությունը, որպես համաշխարհային դերակատար, նոր շունչ կհաղորդի Եվրամիության միասնական արտաքին քաղաքականությանը:

«Եվրամիության հետ մերձեցման, համագործակցության խնդիրը անկախությունից ի վեր եղել է Հայաստանի կարեւորագույն խնդիրներից մեկը եւ աստիճանաբար  առավել կարեւորություն է ստանում: Մենք գիտակցում ենք, որ դա փոխադարձ շահավետ գործընթաց է, եւ մեր երկրում իրականացվող բարեփոխումները, ընդհանրապես` ապագայի մեր տեսլականը մենք ամբողջովին կապում ենք այդ համագործակցության հետ:

Ուրախ եմ Ձեզ այստեղ ողջունելու համար եւ համոզված եմ, որ Ձեր այցելությունը կարեւոր խթան է լինելու մեր համագործակցությանը»,-նշել է Սերժ Սարգսյանը:

ԵՄ արտաքին գործերի եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արեւելյան Հարեւանության եւ Արեւմտյան Բալկանների հարցերով կառավարիչ տնօրենի խոսքով, Եվրամիությունն ստեղծել է արտաքին հարաբերությունների ծառայություն, որպեսզի յուրաքանչյուր երկրի կամ տարածաշրջանի նկատմամբ ԵՄ քաղաքականությունն արտացոլի տվյալ երկրի հանդեպ Միության կարիքները, պահանջմունքներն ու օրակարգի խնդիրները:

Միրոսլավ Լայչակը գոհունակություն է հայտնել Եվրոպական հարեւանության քաղաքականության ուղղությամբ արձանագրված առաջընթացի եւ Ասոցացման համաձայնագրի բանակցություններում հայկական կողմի նպատակային մոտեցման ու ձեռքբերումների կապակցությամբ: