Վերջնական շախ Հայ ազգային կոնգրեսին պետք է անի երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: Այդ մասին այսօր` հունիսի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ավելացնելով, որ, ՀԱԿ-ի եւ իշխանության ներկայացուցիչների ելույթներից կարելի է եզրակացնել, որ երկխոսությունը եղել է, հիմա շարունակվում է եւ դեռ կշարունակվի:
«Իշխանությունների եւ ՀԱԿ-ի շախմատային խաղում այդ հանգամանքը յուրօրինակ քայլերի կոմբինացիա է: Պատահական չէ, որ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը մայիսի 31-ի իր ելույթում հայտարարեց, որ եղել է ոչ ֆորմալ երկխոսություն, իսկ հիմա ընդդիմությունն այդ գործընթացը փորձում է մղել դեպի ֆորմալ հուն, ինչին իրենց կարծիքով հնարավոր է հասնել պատվիրակություն կազմելով: Շախմատի լեզվով այդ քայլը կոչվում է շախ: Ներկայումս իշխանությունները ոչ միայն պետք է մտածեն` ինչպես չեզոքացնել այդ շախը, այլեւ` մտածեն պատասխան քայլի մասին: Սակայն վերջնական շախը, իմ կարծիքով, պետք է կատարի Սերժ Սարգսյանը: Կարծում եմ նախագահն, այդ կապակցությամբ, հանդես կգա հայտարարությամբ», - նշեց Մինասյանը:
Նա նաեւ կարծիք հայտնեց, որ մինչեւ Կազանում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը գործընթացը կարող է զարգանալ երկու սցենարով: Առաջին սցենարով` երկու կողմերը զերծ կմնան հայտարարություններից` սպասելով հանդիպման արդյունքներին: Եթե իշխանությունները հստակ գործընթացներ են ակնկալում Կազանի հանդիպումից, ապա արդեն կգործի երկրորդ սցենարը: Կձեռնարկվեն որոշակի քայլեր` կախված նրանից, թե ինչ է պետք իշխանություններին ներկայացնել միջազգային հանրությանը:
Անդրադառնալով ՀԱԿ-ի առաջարկած երկխոսության ֆորմատին` Մինասյանը նշել է, որ սկզբնական փուլում իշխանությունները չեն պատկերացրել, թե ինչ քայլերի են գնում: Իշխանությունների կողմից պատասխան պատվիրակություն ձեւավորելը, ըստ պատգամավորի, կնշանակեր իշխանությունների ինքնաոչնչացման գործընթացի սկիզբ:




























