Օրակարգում չկա Ռուսաստանի ու ԱՄՆ-ի կողմից Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի համատեղ օգտագործման հարցը: Այդ մասին հունիսի 10-ին լրագրողներին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան:

«ԱՄՆ պաշպանության քաղաքականությունը պարզ է: Մենք ՆԱՏՕ-ի մեր գործընկերների հետ առավել նպատակահարմար ենք համարում պաշտպանական այդպիսի համակարգի առկայությունը: Այսինքն, Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն պետք է ունենան առանձին համակարգեր, եւ վատ չէր լինի, եթե այդ երկու համակարգերը համագործակցեին միմյանց հետ», - ասել է դեսպանը:

Նրա խոսքով, դեռ պարզ չէ` ինչպես է իրականացվելու համագործակցությունը:

«Հիմնական պատճառն այն է, որ պաշտպանության այդ համակարգը դեռ զարգանում է եւ շատ բան դեռ հստակ չէ: Մեզ հայտնի է, որ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը գտնվում է Ադրբեջանում եւ այն օգտագործում է Ռուսաստանը: Անկասկած, եթե խոսքը վերաբերում է պաշտպանության համակարգին, ապա անհրաժեշտ է քննարկումներ անցկացնել բոլոր կողմերի հետ, որոնք առնչվում են պաշտպանության այդ համակարգին», - ասել է Բրայզան, հայտնում է Trend-ը:

Նշենք, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը փոխանցվել է Ադրբեջանին, որը 2002 թվականին տարեկան 14 մլն դոլար վարձավճարով վարձակալությամբ տվել է Ռուսաստանին մինչեւ 2012 թվականը: