Falcon 9 ծանր կրիչ հրթիռը եւս 60 մինի արբանյակ է արձակել ուղեծիր` Starlink համակարգի գլոբալ ինտերնետային ծածկույթի ուղեծրային խմբավորումը համալրելու համար: Մեկնարկն իրականացվել է երեքշաբթի օրը` ժամը 07:59-ին, Ֆլորիդայի Քենեդու անվան տիեզերական կենտրոնի 40-րդ արձակման համալիրից, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Falcon 9-ի բազմակի օգտագործման առաջին աստիճանը չկարողացավ կառավարելի վայրէջք կատարել Ատլանտյան օվկիանոսի լողացող հարթակի վրա: Ոուղղահայաց վայրէջքն Of Course I Still Love You հարթակի վրա պլանավորված էր հրթիռի արձակումից 8 րոպե 24 վայրկյան անց, սակայն տեսախցիկները չեն արձանագրել դրա վայրէջքն անօդաչու սարքի հարթակի վրա: Այս առաջին բազմակի օգտագործման աստիճանը վեցերորդ անգամ է օգտագործվել է արձակման համար: Մեկնարկից մոտ 1 ժամ 5 րոպե անց հրթիռը պետք է բոլոր արբանյակներն ուղեծիր դուրս բերի:
2019-ի մայիսից սա Starlink նախագծի շրջանակներում ինտերնետային արբանյակների խմբի 19-րդ արձակումն է ուղեծիր: Starlink 60 արբանյակների նախորդ խմբաքանակն արձակվել էր փետրվարի 4-ին: SpaceX ուղեծրային խմբավորումն արդեն բաղկացած է 1083 Starlink տիեզերական ապարատներից:
Ընկերությունն այժմ ամենամեծ արբանյակային օպերատորն է աշխարհում: Ապագայում SpaceX- ը նախատեսում է տեղակայել այս տեսակի 12.000 տիեզերական ապարատ ուղարկել ուղեծիր (իսկ հետագայում` 30.000)` լայնամասշտաբ ցանց ստեղծելու համար, որը Երկրի բնակիչներին թույլ կտա լայնաշերտ ինտերնետ հասանելիություն ունենալ աշխարհի ցանկացած կետում: Ավելի վաղ SpaceX-ը հայտնել էր, որ արբանյակները Հյուսիսային Ամերիկայի ամբողջ տարածքն ինտերնետային ծածկույթով կապահովեն արդեն 2020 թվականին, իսկ մինչ 2021 թվականը կընդգրկվի գրեթե ամբողջ մոլորակը: Նախագծի իրականացման համար ընդհանուր ներդրումը 10 մլրդ դոլար է գնահատվում:





























