Թափառող կենդանիների պաշտպանության կենտրոնն այսօր` հունիսի 11-ին ժամը 13.00-15.00-ին կազմակերպեց երթ` ի պաշտպանություն թափառող եւ վայրի կենդանիների։ Երթի նպատակն է ցույց տալ, որ կենդանասերները Հայաստանում քիչ չեն ու պահանջում են դադարեցնել կենդանիների սպանդն ու նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքը։ Այս մասին երթի ժամանակ ասաց «Propose» կենդանիների պաշտպանության կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը:
Երթի ընթացքում նամակ է հանձնվել ԱԺ-ին եւ Երեւանի քաղաքապետարանին: «ԱԺ-ին նամակով դիմում ենք, որպեսզի կենդանիների պաշտպանության եւ նրանց դեմ դաժանությունն արգելող օրենսդրություն ընդունվի, որը հետխորհրդային երկրներում միայն Հայաստանում է բացակայում, իսկ քաղաքապետարանից պահանջում ենք բոլոր միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված ծրագրի ընդունում եւ հետեւողական իրականացում»,- ասաց Նարե Արամյանը:
Երթն անցկացվեց «Կենդանիներն ունեն ապրելու իրավունք», «Ազգի մեծությունը չափվում է նրանով, թե որքան են նրանում պաշտպանված կենդանիները», «Պահպանենք բնությունը, պահպանենք ինքներս մեզ», «Պահանջում ենք դադարեցնել կենդանիների ոչնչացումը» պաստառներով:
Պաշտոնական տվյալներով` 5 տարիների ընթացքում (2006-2010թ) 100 հազար շների նկատմամբ գործողություններ է կատարվել, մասնավորապես, 70 հազար շուն ոչնչացվել է, 30 հազարը` ստերջացվել: Նարե Արամյանի խոսքով` եթե իրականում Երեւանում ստերջացված լիներ 30 հազար շուն, ապա չէինք կարող հիմա գտնել չստերջացված շուն: Նա նշեց, որ Հայաստանում ավելի քան 20.000 շուն չի կարող լինեն` հաշվի առնելով մեր բնակչությունը եւ տարածքը: Նրանք կազմել են ծրագիրը, որը միջազգային պրակտիկայում իր արդյունավետությունը բազմիցս ապացուցել է եւ առաջարկում են քաղաքապետարանին այդ ծրագրով խնդրին լուծում տալ:




























