Alphabet հոլդինգի մեջ մտնող Waymo ընկերությունը (որին պատկանում է նաեւ Google որոնողական համակարգը) հայտարարել է Սան Ֆրանցիսկոյում ռոբոտաքսիի ծառայության թեստային ռեժիմով գործարկման մասին: 2018-ի դեկտեմբերից առանց վարորդի «գուգլմոբիլները» ուղեւորների են տեղափոխում Ֆենիքսի (Արիզոնա) արվարձանների սահմանափակ տարածքներում, սակայն խոշոր մայրաքաղաքում նման ծառայություն պատմության մեջ առաջին անգամ կսկսի մատուցվել, հայտնում է «Վեստի»-ն:
Սկզբում միայն ընկերության աշխատակիցները կկարողանան օգտվել ռոբոտաքսի կանչելու համար նախատեսված Waymo One հավելվածից. այդպես նրանք հույս ունեն սպասարկման խնդիրների վերաբերյալ արձագանքներ հավաքել` առանց դրանց վրա ավելորդ ուշադրություն գրավելու: Waymo-ում պատմել են, որ օպտիմիզացրել են Waymo Driver-ի ավտոնոմ «ընկալման», պլանավորման եւ նավիգացիոն համակարգը` երթեւեկության հետ կապված դժվար իրավիճակով մեծ քաղաքում աշխատանքի պայմաններում: Օրինակ, հետիոտնային անցման մոտ կանգնելով ավտոբուսի կողքին, ռոբոտաքսին պատրաստ կլինի ճանապարհին մարդկանց հանկարծակի հայտնվելուն: Իսկ «տեսնելով» ճանապարհային աշխատանքները, որոնք փակում են երկգոտի փողոցի գծերից մեկը, ավտոմեքենան «կհասկանա», որ իրեն պետք է, հետեւելով ճանապարհային կոնուսներին, դուրս գալ հանդիպակաց գոտի:
Ինտերնետային հսկա Alibaba-ի կողմից ֆինանսավորվող AutoX չինական ստարտափը հունվարի վերջին հայտարարել էր Շենչժենի թաղամասերից մեկում այսպիսի մի ռոբոտաքսիի ծառայության գործարկման մասին` առանց ապահովագրական վարորդի եւ հատուկ ընտրված կամավորի: Ճիշտ է, մայրաքաղաքի վարչակազմը լրագրողներին հայտարարել էր, որ դեռ ոչ մի ընկերության նման փորձարկման թույլտվություն չի տվել:
Որոշ փորձագետներ կանխատեսում են, որ կորոնավիրուսի համավարակը կարագացնի ուղեւորափոխադրումների եւ առաքման համար ինքնակառավարվող ավտոմեքենաների ներդրումը: Ինքնակառավարվող ավտոմեքենաները եւ բեռնատարները կարող են նվազագույնի հասցնել հիվանդության տարածման ռիսկը` բացառելով շփումը վարորդի հետ: Գուցե, գրում է VentureBeat-ը, հենց այս է պատճառը, որ վերջին երեք տարում մարդիկ ավելի շատ են սկսել վստահել ինքնակառավարվող ավտոմեքենաներին ամբողջ աշխարհում:





























