Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ վարժեցված շները կարող են պարզապես հոտառությամբ հայտնաբերել շատ տեսակի հիվանդություններ՝ ներառյալ թոքերի, կրծքի, ձվարանների, միզապարկի եւ շագանակագեղձի քաղցկեղները եւ, հնարավոր է, COVID-19-ը: Օրինակ՝ շագանակագեղձի քաղցկեղը շները հայտնաբերում են 99% ճշգրտությամբ՝ հոտոտելով մեզի նմուշները: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը եւ այլ հետազոտական հաստատություններ մշակել են համակարգ, որն ունակ է որոշել օդի նմուշի քիմիական եւ մանրէաբանական պարունակությունը նույնիսկ ավելի մեծ զգայունությամբ, քան շան քիթը, հաղորդում է Mirage News-ը:

Գիտնականները մշակել են հիվանդություններին բնորոշ հոտի միացությունների հայտնաբերման ավտոմատացված համակարգ: Այն բավական փոքր է բջջային հեռախոսում ներդրվելու համար: Համակարգը ներառում է կաթնասունների հոտառության ռեցեպտորները, որոնք գործում են որպես սենսորներ: Այս սենսորներից ստացված տվյալների հոսքերը կարող են մշակվել իրական ժամանակում՝ սովորական սմարթֆոնի օգնությամբ: Նման դետեկտորները հիվանդության առաջին նշանները կբացահայտեն շատ ավելի վաղ, քան սքրինինգի սովորական ռեժիմները:

Փորձագետները ստուգել են շագանակագեղձի հաստատված քաղցկեղ ունեցող պացիենտների եւ առողջ մարդկանց (հսկվող խումբ) մեզի 50 նմուշ: Նմուշները վերլուծել են հատուկ վարժեցված շները եւ նոր համակարգը՝ մեքենայական ուսուցման ծրագրի հետ միասին: Խնդիրը եղել է նմուշների միջեւ ցանկացած նմանության եւ տարբերության բացահայտումը, որոնք կարող են օգնել նույնականացնել հիվանդությունը: Պարզվել է, որ ինչպես շները, այնպես էլ համակարգը ավելի քան 70% ճշգրտություն են ցուցաբերել։