Իսրայելն ընդլայնում է Դիմոնի միջուկային օբյեկտը Նեգեւի անապատում, որտեղ պատմականորեն արտադրել է տրոհվող նյութերն իր միջուկային զինանոցի համար, գրում է The Guardian-ը:

Նոր արբանյակային լուսանկարներում, որոնք հրապարակել է «Տրոհվող նյութերի միջազգային խումբը» (IPFM), երեւում են շինարարական աշխատանքները: Մշակվող տարածքը գտնվում է Շիմոն Պերեսի անվան միջուկային հետազոտությունների կենտրոնի գմբեթավոր ռեակտորից եւ վերամշակման կետից մի քանի հարյուր մետր դեպի հարավ-արեւմուտք` անապատային Դիմոնա քաղաքի մոտակայքում:

 «Շինարարությունը, կարծես, բավականին շուտ էր սկսվել` 2019-ին կամ 2018-ի վերջին, այն տարվում է շուրջ երկու տարի, սակայն մենք առայժմ միայն այսքանը կարող ենք ասել»,- ասել է Պրինսթոնի համալսարանում Գիտության եւ գլոբալ անվտանգության ծրագրի հետազոտող Պավել Պոդվիգը:

Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատունը ոչ մի կերպ չի մեկնաբանել նոր լուսանկարները: Իսրայելը կանխամտածված երկիմաստության քաղաքականություն է վարում իր միջուկային զինանոցի հարցում` ոչ հաստատելով, ոչ էլ հերքելով դրա գոյությունը: Ամերիկացի գիտնականների ֆեդերացիայի գնահատմամբ` Իսրայելը պլուտոնիումից պատրաստված մոտ 90 մարտագլխիկ ունի, որոնք արտադրվել են Դիմոնայի ռեակտորում:

Հաղորդվում է, որ միջուկային օբյեկտն Իսրայելի կողմից օգտագործվել է իրանական ուրանի ցենտրիֆուգների բազմացման համար` Stuxnet համակարգչային «որդի» փորձարկման նպատակով, որն օգտագործվել է Նաթանզի ուրանի հարստացման իրանական ծրագիրը սաբոտաժի ենթարկելու համար: Բայց դա եղել է ավելի քան 10 տարի առաջ` ներկայիս ընդլայնման սկսվելուց շատ առաջ:

Իսրայելը Դիմոնայի ռեակտորը կառուցել էր 1950-ականներին` Ֆրանսիայի կառավարության գաղտնի լայնածավալ աջակցությամբ: Տասնամյակի ավարտին Դիմոնայում Ֆրանսիայի շուրջ 2500 քաղաքացի էր ապրում:

Դիմոնայի դերն Իսրայելի միջուկային զենքի ծրագրում առաջին անգամ բացահայտվել էր օբյեկտի նախկին տեխնիկ Մորդեհայ Վանունուի կողմից, ով 1986 թվականին իր պատմությունն էր պատմել բրիտանական Sunday Times-ին: Հրապարակումից առաջ նրան Մեծ Բրիտանիայից Իտալիա էր փախցրել իսրայելցի կին գործակալը եւ առեւանգել էր «Մոսադ»-ը: Դիմոնայի գաղտնիքների բացահայտման համար Վանունուն 18 տարի բանտում է անցկացրել, որից 11-ը` մեկուսարանում: