Երբ եկեղեցական հարցերը քաղաքական երանգ են ստանում, զարգացումների սցենարը կտրուկ փոխվում է: Այս մասին NEWS.am-ի թղակից հետ զրույցում հայտարարել է վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն, մեկնաբանելով Գարեգին Բ-ի Վրաստան այցելությունը եւ իր վրացի գործընկերոջ հետ քննարկվող հարցերի հնարավոր շրջանակը:
«Ես չեմ կարող հստակ ասել, թե ինչ նպատակներ է հետապնդում այս այցելությունը, քանի դեռ դա չի հրապարակվել: Հայերն ու վրացիները դարերով ապրել են կողք-կողքի եւ առաջ են եկել հին նուրբ հարցեր, որոնց վերաբերյալ որոշումները ոսկերչական ճշտություն են պահանջում»,- նշել է քաղաքագետը, հավելելով, որ ցանկացած պարագայում, այս այցելությունը դուրս է գալիս միջեկեղեցական շրջանակներից:
«Մենք դառը փորձ ունենք, երբ որոշ հայ քաղաքական գործիչներ օգտագործում են կրոնական եւ միջեկեղեցական հարաբերություններն իրենց անձնական նպատակներով, որպեսզի մեծացնեն իրենց քաղաքական ազդեցության ոլորտները»,- հայտարարել է փորձագետը, որպես օրինակ բերելով «Ջավախք» հայրենակցական միության ղեկավար Շիրակ Թորոսյանին:
«Այդ մարդը Ջավախքում հայերի պաշտպանության անվան տակ խառնակչություն է սերմանում` ազգայնական տրամադրություններ խթանելով»,- նշել է Ցինցաձեն:
«Ոչ ոք այստեղ ոք ոքի իրավունքները չի սահմանափակում: Դա վերաբերում է թե’ էթնիկ, թե’ կրոնական խմբերին: Մենք պաշտպանում ենք բոլոր տեսակի աղանդներին, հանդուրժողաբար ենք վերաբերում բոլոր ազգային փոքրամասնություններին, իսկ որոշ հայ քաղաքական գործիչներ փորձում են դատարկ տեղը կրակ վառել, իսկ դա վտանգավոր է»,- ասել է քաղաքագետը, ընդգծելով, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի:




























